2022 թվականի մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Հանրապետության նախագահ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում և ընթացակարգերով տեղի է ունեցել թեկնածուի առաջադրում, քննարկում և քվեարկություն։ Այդ ամենի արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը 2022 թվականի մարտի 3-ին ստորագրել է Ազգային ժողովի՝ «Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-27-Ա որոշումը։ Այսինքն՝ Հանրապետության նախագահի ընտրության գործընթացն ավարտվել է ոչ թե սոսկ քվեարկության արդյունքների արձանագրմամբ, այլ դրա արդյունքների հիման վրա համապատասխան իրավական ակտով։
Իրենց իրավաբան համարող, Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանից և Աշոտ Խաչատրյանից հետաքրքիր կլիներ, մեկ անգամ ևս այս փաստի համադրմամբ, իմանալ, թե արդյո՞ք իրենց պարագայում գոյություն ունի նման իրավական ակտ, թե ոչ։ Սահմանադրական դատարանի պարագայում, նման իրավական ակտը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն է։ Իսկ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նման որոշումների մասին որևէ տեղեկատվություն գոյություն չունի։
Եթե այս փաստը Արման Դիլանյանին և Աշոտ Խաչատրյանին քիչ է հուզում, ապա դա չի ենթադրում, որ այն կարող է չհուզել ՀՀ դատախազությանն ու համապատասխան քննիչին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործով ենթադրյալ հանցագործության բացահայտման շրջանակներում։
Արման Դիլանյանն ու Աշոտ Խաչատրյանը ՀՀ պետական համակարգում, ընտրովի, թե նշանակովի, միակ երկու պաշտոնյաններ են, որոնց պաշտոնը զբաղեցնելու հետ կապված որևէ իրավական ակտ գոյություն չունի։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:
Սահմանադրական դատարանը պարտավոր է առաջնորդվել նաև իր իսկ կողմից հաստատված նախադեպային որոշումներով։ Նույնանման իրավիճակներում Սահմանադրական դատարանը չի կարող արտահայտել իրարամերժ դիրքորոշումներ։ Մասնավորապես, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Սահմանադրությամբ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության իրավունքը տրվել է Սահմանադրական դատարանին, 2018 թվականին Սահմանադրական դատարանը ՍԴ փոխնախագահ է ընտրել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանին, ինչի վերաբերյալ կայացրել է «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշումը։ Սահմանադրական դատարանը նման աշխատակարգային որոշումներ չի կայացրել ո՛չ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու, ո՛չ Աշոտ Խաչատրյանին ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին։
Քանի դեռ այդ որոշումները չկան, հետաքրքիր է հասկանալ, թե ինչպես են ոչ միայն այդ պաշտոնյաները ապօրինաբար պաշտոնավարում, այնպես էլ ինչ հիմքով են Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտները և ողջ իրավաբանական հանրությունն առնչվում նրանց հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել