168.am-ը գրում է․

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորված է շրջանառվող  օմիկրոն վիրուսով։

«Օմիկրոնն ունի բարձր վարակելիություն, և այդ վիրուսով ավելի շատ են վարակվում։ Բոլորս էլ գիտենք, որ օմիկրոնով վարակված անձինք հիվանդությունն ավելի թեթև են տանում։ Օմիկրոնով պայմանավորված դեպքերն ավելի քիչ հոսպիտալացման կարիք են ունենում, և այն ունի մահացության ցածր մակարդակ։  Այս պահին գործող այն սահմանափակումները, որոնք կան, եթե պահպանվեն, ապա բավարար են, որպեսզի պահպանենք վիրուսի ցածր շեմ։ Դրան զուգահեռ՝ ակտիվ պետք է իրականացվի պատվաստման աշխատանքներ։

Կան նման վերլուծություններ, որ պատվաստումներն ազդում են, բայց ոչ այն տոկոսով, ինչ մնացած շտամների։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ պատվաստված եմ, խթանիչ դոզան նույնպես արել եմ։ Օմիկրոնով բազմաթիվ հիվանդների հետ եմ շփվել և որևէ խնդիր չեմ ունեցել։ Իմ օրինակով կարող եմ վստահ ասել, որ աշխատում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Նազարյանը։

Ինչ վերաբերում է սննդի օբյեկտներում պատվաստված լինելու սերիտիֆիկատի առկայությանը և վերահսկողությանը, Առողջապահության փոխնախարարն ասաց, որ վերահսկողությունն իրականացնում է  տեսչական մարմինը, իսկ իրենց գերատեսչությունը հետևում է  այնքանով, որքանով օգտվում են հանրային սննդի օբյեկտներից։ Հետևաբար՝ նա բացառեց, որ այն վայրերում, որտեղ դրված է պարտադիր ստուգումը, այդ ստուգումը չլինի։

«Դիմակի կրումը նվազեցնում է վիրուսի տարածման հավանականությունը, որովհետև անմիջական մեկի շնչած օդը մյուսի վրա չի տարածվում։ Պետք է պատվաստման 70 տոկոս լինի, որպեսզի մենք կարողանանք հանրային առողջության իմունիտետի շեմը պահպանենք։ Դեռ աճելու տեղ ունենք, որպեսզի հասնենք հանրային իմունիտետի ձևավորման շեմին, իսկ մինչև այդ շեմին հասնելը մենք բոլոր պայմանները պետք է պահպանենք»,- շեշտեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել