«Սոչիում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հատկանշական է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո է տեղի ունեցել եռակողմ հանդիպումը, ապա նոր միայն ՌԴ նախագահն առանձին հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Ղարաբաղյան հիմնախնդրի, այնպես էլ ՀՀ-Ադրբեջան սահմանային խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանն թռուցիկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ նշելով, որ այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ուրվագծվում են անմիջական շփումներ, ինչը դրական է ոչ այնքան լավ նրբերանգների ֆոնին։

Անդրադառնալով Արցախի խնդիրներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ղարաբաղում այժմ ստեղծվում են պայմաններ խաղաղ կյանքի համար։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կընդունվեն որոշումներ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, ինչը կստեղծի հնարավորություններ ԼՂ վերածննդի համար։ Պուտինը նաև խոսել է եռակողմ հանձնաժողովի մասին՝ նկատելով, որ գործադրվող ջանքերի նպատակն այն է, որպեսզի ստեղծվեն պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց զգալ անվտանգ ու ապահով, նորմալ կերպով զբաղվել տնտեսվարությամբ, զարգացնել տնտեսությունը, ինչը դրականորեն կազդի երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Պուտինը նշել է. «Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ նաև ընդունել բոլորին անհրաժեշտ համապատասխան որոշումներ»: Այստեղ կարևոր է նաև նշել, որ Արցախին վերաբերող խնդիրներին փաստացի անդրադառնում է ոչ թե Փաշինյանը, այլև Պուտինը։ Ավելին, Փաշինյանը ոչինչ չասաց Արցախի հետագա կարգավիճակի, ինքնորոշման հարցի մասին։ Այս թեմաների մասին ընդհանրապես խոսք չեղավ հանդիպման ժամանակ: Ինչպես և սպասվում էր, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման հարցը։ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար:

Նրա խոսքով, հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով:Իր հերթին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները դելիմիտացված չեն, մենք բազմիցս հրապարակային արտահայտվել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի անհետաձգելի գործընթացը։ Ասեմ ավելին, մենք հայկական կողմին նաև հրապարակայնորեն առաջարկել ենք սկսել աշխատանքը «խաղաղության պայմանագրի» շուրջ, որպեսզի վերջ դրվի դիմակայությանը, փոխադարձաբար ճանաչվեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը։ Հետպատերազմական իրավիճակում առկա հարցերի քննարկումն, իհարկե, կենսական անհրաժեշտություն ունի, սակայն քննարկումից հետո պետք է լինեն գործնական այնպիսի զարգացումներ, որոնք կարտացոլեն բանակցությունների շոշափելի էֆեկտը թե՛ պետության և թե՛ բնակչության համար։

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում նշել, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները գործնական տիրույթում պետք է ենթադրեն ոչ թե ադրբեջանական զինուժի հերթական ներխուժման նոր փորձեր, այլ ՀՀ սուվերեն տարածքից դրանց դուրս բերում, այնուհետև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ։ Այստեղից պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին բարձր մակարդակով հայտարարությունները ունեն կենսունակություն, թե՞ ոչ։ Իրականում խաղաղության մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է նաև դրսևորել խաղաղությանը նպաստող գործողություններ, ինչը, բնականաբար, ադրբեջանական զորքերի հերթական ներխուժումը չէ։ Ինչևէ, այս հարցի իրատեսականությունը ցույց կտա ժամանակը։ Իսկ այդ ընթացքում կարևոր է հաշվի առնել, որ ադրբեջանական կողմը, դիվանագիտական օրացույցով պայմանավորված, դրսևորում է մի կողմից՝ սադրանքներ և մյուս կողմից՝ իբր հումանիստական ժեստ՝ Սոչիի հանդիպումից առաջ երկու ռազմագերի հանձնելու տեսքով։

Այս իրավիճակը բանակցային պրոցեսում ՀՀ շահերից բխող փաթեթավորման անհրաժեշտություն ենթադրո՞ւմ է: Իհարկե, ենթադրում է։ Ավելին, պարտավորեցնում է: Սակայն գոնե առերևույթ նման փաթեթավորման «պարագաներն» առկա չեն, փաթեթավորման ցանկությունը՝ կարծես, նույնպես: Նորից կրկնենք, որ եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկվել Արցախի հետագա կարգավիճակի հարցը։ Փաստացի քննարկված խնդիրների շարքը և դրանց կարևորության ու առաջնահերթության մակարդակը, մեղմ ասած, «ստվերում» են Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչպիսի հանգամանքներում պետք է կնքվի «խաղաղության պայմանագիրը», ինչ հանգամանքներում տեղի կունենան հետագա կարգավորման գործընթացը, դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը, գերիների վերադարձը և այլն, ցույց կտա ժամանակը։

Հանդիպման հետ կապված կարևոր է նաև նշել, որ եռակողմ ասուլիսի ժամանակ Ալիևն իր խոսքում չի անդրադարձել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», դրա փոխարեն կողմերը շեշտում էին տրանսպորտային կոմունիկացիաների շատ արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին վկայում է, որ Ալիևը սիրում է խոսել զուտ ադրբեջանական ներքին լսարանի համար, իսկ միջազգային հարթակում, մասնավորապես Պուտինի ներկայությամբ, իրեն պահում է շարքային աշակերտի նման»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել