168.am-ը գրում է․

Այսօր Կառավարության նիստից  հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ամիսներ առաջ Աբու Դաբիում տեղի ունեցած «IDEX-2021» միջազգային ցուցահանդեսին, որին Հայաստանը մասնակցել էր  դատարկ տաղավարով, և  ասաց, որ եղել է տեխնիկական խնդիր:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն էր Հակոբ Արշակյան, որն այսօր ԱԺ փոխնախագահ է:

«Մասնագիտական առումով բոլոր պայմանավորվածությունները, համաձայնությունները եղել են, և այն ընկերությունը, որը պետք է տեղափոխեր մեր ստենդները, ինքն ուղղակի իր պարտավորությունները չի կատարել: Այդ առումով ՀՀ-ի կողմից մեղավորությունն այնքանով կարող ենք ասել, որ՝ ինչո՞ւ է պայմանագիր կնքվել այդ կազմակերպության հետ: Այսինքն՝ ամեն ինչ թղթի վրա եղել է, բայց, ցավոք սրտի, այդ ընկերությունը, որը պետք է տեղ հասցներ մեր ստենդները, ապրանքները միջազգային ցուցահանդեսին, բարեխիղճ չի եղել և չի հասցրել: Այսօրվա ընթացքում այդ քննությունը, որ գնում է, շարունակվում է, որովհետև մենք մի ուրիշ խնդիր ունենք: Այն արտադրանքը, ապրանքները, որ պետք է ցուցադրվեր, դեռևս չենք հաջողացրել վերադարձնել Հայաստան: Ոչ բարեխիղճ գործընկերոջ խնդիր է առաջացել, հիմա թե ինչո՞ւ է դա ընտրվել, ինչպե՞ս է ընտրվել, միգուցե այս հարցերն են ավելի կարևոր»,- ասաց Խաչատուրյանը:

ԲՏԱ նախարարը նշեց՝ այս դեպքն իրենց համար նախազգուշացում է, որ նախօրոք հստակ կարողանան ճշտել բոլոր երթուղիները, որով կարող են ցուցանմուշները տեղ հասցնել, խնդիրները նախօրոք լուծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել