Այսօր ժամը 11.10-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, թշնամու կողմից իրականացված սադրանքի արդյունքում ունեցանք հերթական զոհը... Ի պատասխան կատարվածի ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որն, ինչպես միշտ, ավարտվում է հետևյալ հերթապահ բառակապակցությամբ. <<...Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա...>>
Այն, որ այսօրինակ նախազգուշացումների պրակտիկան մեր պաշտպանական գերատեսչության կողմից կիրառման մեջ է դրվել շատ վաղուց, կարող են հաստատել ոլորտով հետաքրքրված շատ-շատերը: Փաստ է նաև, որ նախկինում արված այդ նախազգուշացումներին իսկույնևեթ հետևում էին անհամարժեք ու ցավոտ պատատասխան գործողություններ, որոնց արդյունքում թշնամին հարկադրված էր լինում առժամանակ <<խելոքանալ...>>
Ավաղ, այսօր քանի որ իրավիճակն այլ է, նման հայտարարությունները դարձել են ոչ միայն բովանդակազուրկ, այլև՝ ժամանակավրեպ... Ժամանակավրեպ հատկապես այն տեսանկյունից, որ նախկինում, քանի դեռ մենք <<վերևում>> էինք, իսկ նրանք՝ <<ներքևում>>, մեր ասելիքը լսելի ու <<դաստիարակիչ>> էր թշնամու համար... Այսօր, ցավոք, տեղերը փոխվել են ՝նրանք <<վերևում>> են, իսկ մենք՝ <<ներքևում>>, ինչի պատճառով ոչ միայն լսելի չենք, այլև արդեն անլուրջ է դառնում մեր կողմից արվող ցանկացած նախազգուշացում...
Հասկանանք, որ բոլոր ժամանակների (առավել ևս 21-րդ դարի) պատերազմներում, տեղեկատվությունը եղել է, կա ու լինելու է ոչ պակաս հզոր զենք, քան ժամանակակից սպառազինության այն միջոցները, որոնք իզորու են վճռելու հակամարտության ելքը: Սրանից բխում է, որ ռազմատեղեկատվական համակարգը ևս պետք է ժամանակ առ ժամանակ բարեփոխել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել