Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը…
Տարածաշրջանային որոշակի «առաջխաղացումներից» հետո Թուրքիան փորձում է ոտնձգություններ իրականացնել արդեն ՌԴ-ի նկատմամբ՝ կասկածի տակ դնելով Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։
Մոտ օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կանցկացվի «Ղրիմյան պլատֆորմը», ուր ըստ ամենայնի կքննարկվեն Ղրիմին առընչվող հարցեր։
Թուրքական կողմը հայտարարել է պլատֆորմին մասնակցելու իր ցանկության մասին (արտգործնախարարի մակարդակով), ինչին ի պատասխան Մարիա Զախարովան հայտարարեց, որ ռուսական կողմն ուշադիր հետևելու է հակառուսական այդ պլատֆորմին մասնակից երկրների ցանկին՝ համապատասխան հետևություններ անելով։
Ուկրաինայի նախագահ Զելինսկու հետ հեռախոսազրույցում Էրդողանը Ղրիմն անվանել է «ապօրինի օկուպացված» (ռուսների կողմից) և հույս հայտնել, որ այն կվերադարձվի ուկրաինական կողմին։
Էրդողանը հավանաբար մոռացել է, որ իր թողտվությամբ «կրտսեր եղբայրը»՝ Ալիևը, ամիսներ առաջ է օկուպացրել Արցախը՝ գրավելով նաև նախկին ԼՂԻՄ (հայկական) տարածքները՝ Շուշին և Հադրութը։
Թուրքական կողմի նմանատիպ «ազատ» գործելաոճի թիվ մեկ մեղավորը հենց ՌԴ-ն է, քանզի վերջինս՝ հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո, անուղղակիորեն քարտ-բլանշ տվեց թուրքերին տարածաշրջանում առավել անկաշկանդ գործելու համար։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում և հատկապես թալիբների՝ Աֆղանստանում իշխանությունը «վերցնելուց» հետո ռուսական կողմը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը՝ «soft power»-ից անցնելով «hard power»-ի կիրառմանը, որպեսզի չկորցնի տարածաշրջանային թիվ 1 խաղացողի կարգավիճակը։
Էրդողանյան Թուրքիան ձեռնոց է նետում ՌԴ-ին՝ փորձելով ընդգծել տարածաշրջանում իր դերը։
Այս ամենին ֆոնին Էրդողանի շանսերը գնալով նվազում են սպասվելիք նախագահական ընտրություններում, և վերջինիս պարտության դեպքում թուրքական կողմը հնարավոր է որոշակիորեն փոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով Էրդողանի զավթողական նկրտումներից։
Ադրբեջանն էլ կարծես ջղաձգվում է ՄԻՆՍԿ-ի խմբի վերջին հայտարարություններից, քանզի ի հեճուկս Ալիևի, համանախագահ երկրները պնդում են, որ Արցախի հարցը դեռևս չի լուծվել…
Հ.Գ. Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ լարված հարաբերությունների ֆոնին հայկական կողմն անպայման պետք է խորացնի հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ՝ փորձելով շահել ռուս-թուրքական սպասվող սրացումներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել