Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս տիկին Նատալի Լուազոյի իր շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին մշտական ջերմ վերաբերմունքի, համավարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներին, Արցախի ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելության կեղծման ձգտումներին։ Խոսվել է առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև տեղահանված արցախցի ընտանիքներին ի նպաստ Հայոց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր է նկատել միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը և առավելագույն ջանքերի գործադրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ, նպաստելու առկա խնդիրների շուտափույթ հանգուծալուծմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել