Քաշաթաղի վերաբնակեցման թեմայով այսօրվա իմ հրապարակումը որոշ արձագանքներ է ստացել։ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158388898243831
Սովորական քաշաթաղցիները եթե անգամ համաձայն էլ չեն իմ արտահայտած մտքերի հետ, գրելով կամ զանգելով ասում էին, որ շատ կուզենան նորից ապրել Բերձորում, Սուսում կամ Աղավնոյում, միայն թե անվտանգության երաշխիքներ լինեն։
Իսկ ահա մի քանի կիսապաշտոնյաներ փրփրաբերան հայհոյանքով գործի են անցել, ինչ է թե ես ասում եմ, որ բազմաթիվ մարդիկ փողը գերադասում են հողից։ Հիմա էլ եմ ասում՝ այդ հանդիպումից ես հասկացա, որ մի խումբ մարդիկ հանդես են գալիս քաշաթաղցիների անունից և փորձում են պետբյուջեից ամեն գնով փող պոկել։ Ես նրանցից շատերի մոտ տեսա փողը հողից շատ սիրելու մարմաջ։
Խոստացել էի չխոսել երեկվա այդ հանդիպման մանրամասների մասին, բայց քանի որ ոմանք քաղաքակիրթ քննադատությունը շփոթում են վայրահաչության հետ, ստիպված եմ ասել, որ Քաշաթաղի համայնքապետերի հետ հանդիպման մասին ինձ տեղեկացրել է Աղավնոյի գյուղապետը, ինչի մասին ես հարցրի հանդիպման կազմակերպիչ ՀԿ-ի ղեկավարից և ստացա մասնակցության հրավեր։ Ինձ պետք էր անձամբ խոսել Քաշաթաղի ՏԻՄ ղեկավարների հետ՝ ավելի մոտիկից ծանոթանալու իրավիճակին։
Պարզվում է, 2021թ․ հունվարի վերջին՝ 5 ամիս առաջ ստեղծված «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հկ-ն հայտարարություններ է անում քաշաթաղցիների անունից և փորձում է կազմակերպել քաշաթաղցիների փոխհատուցման հարցը, ինչին Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը մի քանի անգամ պատասխանեց, որ դա ժամանակի հարց է, Արցախի իշխանության օրակարգում է։ Անկեղծ ասած՝ ինձ փոխհատուցման հարցը առաջնային չէր հետաքրքրում, քանի որ այդ ոլորտում չունեմ գիտելիքներ։ Ինձ համար ամենակարևորը հայերի բնակվելն է Արցախում, ինչի համար էլ գնացել էի այդ հանդիպման։ Աղավնոյի գյուղապետն, ի դեպ, հրավիրված չէր այն դեպքում, երբ նաև այդ գյուղի անունից մարդիկ քննարկում էին փոխհատուցման հարցեր, իսկ Աղավնոյի գյուղապետը սկզբունքորեն ասում է՝ մենք չենք հեռանում գյուղից, ավելին՝ նորոգում ենք դպրոցը, նոր տներ ենք կառուցում։ Սա է հայրենատիրությունը։
Քննարկման ժամանակ ես Բերձորի բնակպայմանների մասին զրույցի մեջ մտա Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի հետ, մինչդեռ մի քանի գյուղապետեր և հկ-ի որոշ ներկայացուցիչներ պարզորոշ ցույց տվեցին, որ իրենք հետաքրքրված չեն Բերձոր և մյուս երկու գյուղեր հայերի բնակվելով։ ՀԿ-ի փրփրաբերան տիկինը շարունակում էր պահանջել, որ իրեն տուն է պետք, ինքը մնացել է փողոցում։ Ես կրկին ասացի, որ Արցախի իշխանությունների և ռուսական կողմի միջոցով եթե Բերձորը ապահովվի անհրաժեշտ նվազագույն կենցաղային պայմաններով, արդյո՞ք այդ մարդիկ չեն վերադառնա Քաշաթաղ։ Քննարկմանը ներկա մոտ 2 տասնյակ մարդկանց մեծ մասը հրաժարվեց՝ միայն շեշտելով, որ իրենց փոխհատուցում է պետք՝ ոմանք տների, ոմանք էլ գյուղտեխնիկայի համար։
Իհարկե, եղան նաև մարդիկ, որոնք խոստովանեցին՝ շատ են ուզում կրկին Բերձորում ապրել, միայն աշխատանք լինի։
Շեշտում եմ՝ հանդիպմանը ներկաների գերակշիռ մեծամասնությունը Քաշաթաղի համայնքների ղեկավարներն էին, հատուկենտ մարդ կար «մահկանացուներից»։ Բայց հիմա այդ «ընտրյալները» դժգոհության ալիք են բարձրացրել, թե ես քաշաթաղցիներին անվանում եմ նյութապաշտ։
Հասկանում եմ՝ պետականությունից ու ազգային մտածողությունից հազարավոր կիլոմետրեր հեռու ինչ-որ մարդիկ ոչ միայն չեն հասկանա, թե ես ինչ եմ ասում Բերձորի հայկականություն ասելով, այլև պետք է թշնամաբար տրամադրվեն՝ վտանգ տեսնելով, թե իրենք կարող են զրկվել փախստականի կարգավիճակից կամ մի քանի միլիոն դրամ օգնությունից։
Ինչպես նախորդ հրապարակման մեջ, այստեղ ևս դիմում եմ քաշաթաղցիներին՝ Բերձորում, Սուսում և Աղավնոյում պետք է հայեր ապրեն՝ հանուն Արցախի անվտանգության և ապագայի։ Եթե Բերձորում կրկին շատ հայեր ապրեն, արագ կվերաբացվեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցը և մյուս պետական հաստատությունները, գումարը կսկսի պտտվել քաղաքում։ Անվտանգության երաշխիքները իրականություն են դառնում մեծ թվով հայերի ապրելու պարագայում։ Հողը քոնն է նախևառաջ այնտեղ ապրելով։
Նաև հույս մի՛ դրեք կասկածելի ծագմամբ կազմակերպությունների վրա։ Նրանք միայն սեփական օրակարգն ունեն, սեփական շահն են իրականացնում՝ խոսելով բոլորի անունից, մինչդեռ Երևանում կա Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) https://www.facebook.com/profile.php?id=100063712502018:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել