Բրիտանական The Sun տաբլոիդը հրապարակել է առողջապահության նախարար Մեթ Հենքոքի եւ նրա ընկերուհու՝ Ջինա Քոլադանջելոյի լուսանկարը: Լուսանկարում նրանք համբուրվում են, մինչդեռ երկուսն էլ ընտանիք եւ երեխաներ ունեն: Ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը:    

Սկանդալը միայն բարոյականության խնդիր չէ: Համավարակի ընթացքում Հենքոքը բազմիցս ասել է, որ թագավորության քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, հատկապես հասարակական վայրերում: Միեւնույն ժամանակ, Հենքոքն ու Քոլադանջելոն ակնհայտորեն համբուրվել են նախարարության գրասենյակում այս տարի:

Նրանք Օքսֆորդում միասին են սովորել եւ միմյանց ճանաչում են այդ ժամանակվանից ի վեր: Ավելին, նրանք գտնվում են վերադաս-ենթական հարաբերությունների մեջ: 2020 թվականի սեպտեմբերից Քոլադանջելոն առողջապահության նախարարության խորհրդի անդամ է, ինչի համար տարեկան 15 հազար ֆունտ է ստանում: Դա գրեթե երեք անգամ պակաս է Լոնդոնի միջին աշխատավարձից, բայց աշխատել էլ պետք է տարեկան ընդամենը 15-20 օր:

43-ամյա Հենքոքը ամուսնացած է, ունի երեք երեխա: Ջինա Քոլադանջելոն նույնպես ամուսնացած է: Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է պահպանողական նախարարի հրաժարականը:

Խորհրդարանի ստվերային կաբինետի խոսնակ Աննա-Լիզա Դոդսը հայտարարել է, որ առկա է «շահերի բախում հարկատուների գումարներով». Քոլադանջելոյի պաշտոնը, որին նրան նշանակել է Հենքոքը, վճարվում է բյուջեից:

Համանման իրավիճակում համավարակի սկզբում Հենքոքը նախատել էր գիտնական համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնին, որը հանդիպել էր կնոջ հետ՝ չնայած կարանտինը: Այդ ժամանակ Ֆերգյուսոնը ստիպված էր հրաժարական տալ այդ ժամանակ կառավարության հակաքովիդային խորհրդից: Իսկ Հենքոքն անվանել էր գիտնականի արարքը «զարմանալի» եւ ասել, որ պրոֆեսորը պարզապես չի կարող շարունակել զբաղեցնել կառավարական խորհրդականի պաշտոնը:

Լեյբորիստների շրջանում առողջապահության համար պատասխանատու Մունիրա Ուիլսոնը հավելել էր, որ նախարարը խստորեն խախտել էր հանրային տարածքում սոցիալական հեռավորության մասին իր սեփական կանոնները:  «Եւ նա արգելում էր ընտանիքներին գրկախառնվել իրենց սիրելիների հետ, մինչդեռ ինքն անում էր ինչ ցանկանում էր իր աշխատավայրում»,-հայտարարել է նա:

Կառավարությունը դեռեւս պաշտպանում է նախարարին: Այնտեղ հայտարարել են, որ նրա պաշտոնում Քոլադանջելոյի նշանակումը համապատասխանել է ընթացակարգերի բոլոր ստանդարտներին, եւ կանոնները ոչ ոք չի խախտել:

The Sun-ում հրապարակումից մի քանի ժամ անց նախարարը հայտարարություն էր տարածել, որում խոստովանել էր, որ իսկապես խախտել է սոցիալական հեռավորության կանոնները: «Ցավում եմ, որ հուսախաբ եմ արել մարդկանց, ես շարունակում եմ աշխատել՝ կենտրոնացնելով ուշադրությունը երկիրը համավարակից դուրս բերելու համար»,-ասել է Հենքոքը: Ինչ վերաբերում է մնացած մեղադրանքներին, նախարարն ասել է, որ շնորհակալ կլինի բոլորին, ովքեր պահպանում են նրա անձնական կյանքի իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել