168.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը։

«Հասկանում եմ՝ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,- հայտարարել էր Լավրովը:

Նա համոզմունք էր հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Սերգեյ Լավրովի այս հայտարարությանը, մասնավորպես՝ հայերի ու ադրբեջանցիների միասին ապրելու նրա տեսլականին, նկատեց՝ նախ հայկական կողմը ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ որևէ ատելություն չունի, որովհետև ժողովուրդը չի կարող լինել լավ կամ վատ։

Ավելին՝ ըստ նրա, ժողովրդին «վատացնում» են համապատասխան ղեկավարությունն ու իրականությունը, աշխարհում նման օրինակներ կան, ասենք՝ Հիտլերը։

«Ադրբեջանի ժողովուրդը հիմա ներթաթախված է հայատյացությամբ, նրան այդ ամենի մեջ ներթաթախել է Ադրբեջանի իշխանությունը։ Ասել, որ նրանք շուտ դուրս կգան այդ ազդեցությունից՝ ոչ, սա իրատեսական չէ։ Այսինքն՝ մենք չպետք է որևէ մեկին ատենք, նացիզմը հայրենասիրություն չէ։ Մենք դատապարտված ենք ապրելու, բայց ոչ թե ադրբեջանցիների հետ մեկ երկրում, այլ որպես հարևան, ուզած-չուզած մեր պատմությունն այդպես է ստացվել, այն մենք չենք ընտրել։ Ադրբեջանցիներն են ներխուժել, կործանել մեր պետականությունը։ Գուցե ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման էությունը, փիլիսոփայությունն այն է, որ մենք ապրենք որպես հարևաններ՝ կողք կողքի։ Երբևէ մենք չենք կարող ապրել Ադրբեջանի ներսում՝ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե այս տարածքը կործանվի, և այն ամբողջությամբ Ադրբեջանը գրավի, այնտեղ հայ չի մնա, ինչպես երիտթուրքերն են ասել՝ մեկ հայ կմնա, այն էլ՝ թանգարանում»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ըստ երևույթին ՌԴ արտգործնախարարն ասում է այն, ինչ պաշտոնական Ստեփանակերտը միշտ ասում է, որ պետք է ժողովուրդների միջև իրավահավասարության, փոխադարձ հարգանքի վրա պատմական հաշտություն կնքվի։

«Մենք որպես հարևաններ պետք է ապրենք, այլ ոչ թե՝ որպես ստրուկ։ Մենք չենք կարող ապրել մեկ պետության մեջ, սա անհնարին է։ Մենք տեսնում ենք, որ այսօր Արցախի մեծ մասը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մեկ հայ, մեկ եկեղեցի, գերեզմանոց չի մնացել, նրանք նույնիսկ մեռելների հետ են պայքարում, ոչնչացնում են մեր գերեզմանատները։ Բուն հակամարտության կարգավորումն այն է, որպեսզի Արցախն ու Ադրբեջանն ապրեն որպես հարևաններ, չեմ ասում՝ բարի, մոտիկ հարևաններ, բայց գոնե ապրեն որպես հարևաններ, և դրանով այս հակամարտությունն ավարտվի։ Սակայն դա երկարատև գործընթաց է, ապագայի խնդիր է։ Այն, ինչ ասում է Լավրովը՝ փաստի արձանագրում է, որ կա Արցախի կարգավիճակի խնդիր, Ալիևն ասում է՝ հարցը լուծված է, Լավրովն ասում է՝ ոչ, կա կարգավիճակի հարց։ Քանի կա Արցախը, կան կարգավիճակի, սահմանների և այլ հարցեր»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ որպեսզի Արցախի հիմնահարցը կարգավորվի, պետք է համապատասխան մթնոլորտ ձևավորվի, իսկ Ադրբեջանում այդ մթնոլորտը չկա, և դրա մեղավորը ոչ թե այնտեղի ժողովուրդն է, այլ նա դարձել է օրվա իշխանությունների ձեռքին գործիք՝ նացիստական գաղափարախոսությունն իրականացնելու համար։

«Երբևիցե չպետք է խաբվենք, թե ինչ ունենք՝ ի դեմս Ադրբեջան պետության։ Միաժամանակ հավասարազոր վտանգավոր է, երբ զինատյացությամբ են տառապում ու հանցագործի հետ ընկնում մեկ դաշտ, նման բան չի լինում։ Ադրբեջան պետությունը հայատյացություն ու նացիզմ է քարոզում, սա փաստ է, բայց խնդիրն այն է, որ մենք հանկարծ ինքներս նացիզմով չտառապենք, որովհետև մեր բոլոր խնդիրները ներսում են, և դա ցույց է տվել պատմությունը։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նպատակները, բայց այսօր մեզանում կան մարդիկ, որ Արցախի հետ կապված՝ ասում են ի՞նչ է եղել, որ, այսինքն՝ ներսից է, չէ՞, խնդիրը»,- եզրափակեց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել