168.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հորդորում է համայնքի սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերն ուղղել մարզի լրատվության պատասխանատուին և Պաշտպանության նախարարությանը։

«Ես խնդրում եմ, նման պարզաբանումների համար դիմեք մարզպետարան, Պաշտպանության նախարարություն, ամեն ինչը վարեք համապատասխան ձևով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արման Մելքոնյանը՝ արձագանքելով հարցին, թե իրավիճակը համայնքում ինչպե՞ս է, քանի որ երեկ մամուլը գրել էր, որ թշնամին Վերին Շորժայի տարածքում դիրքերն առաջ է տվել։

Դիտարկմանը, որ համայնքի ղեկավարը փաստացի այսօր ինքն է, ուստի պատասխանատուներից մեկն էլ ինքն է, Արամ Մելքոնյանը նկատեց՝ իր համայնքի պատասխանատուն է, սակայն լրատվության, որևէ տեղեկություն տալու համար իրավասու չէ։

«Այստեղ հիմա հանգիստ, հանդարտ իրավիճակ է, այս պահին բացարձակապես փոփոխություն չկա։ Երեկ ասել եմ, որ այն հատվածներում, որտեղ թշնամու կողմից բացարձակապես դիրքեր տեղակայված չեն եղել՝ բայց դրանք իրենց դիրքերն են, այստեղ տեղակայման խնդիր կար իրենց կողմից, վե՛րջ»,- շեշտեց նա։

Ըստ համայնքապետի, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ թշնամին տեղակայվել է այնտեղ, որտեղ հիմա է։

«Դրանից հետո որևէ շարժ բացարձակապես չի եղել, ով որտեղ տեղակայվել է, իրենց տեղերում են, ոչ մի փոփոխություն այլևս տեղի չի ունեցել»,- եզրափակեց Վարդենիսի համայնքապետը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրեց, որ թշնամին Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզի ուղղությամբ առաջ է եկել մոտավորապես 3 կիլոմետրի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել