168.am-ը գրում է․
Այսպիսով, ընտրական գործընթացը մեկնարկեց։ Մի քանի կարևոր նկատառում․
Առաջին․ Նիկոլը փոքրամասնություն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կա և դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամյա կառավարման արդյունքն է։ Դրանից չպետք է նեղվել։ Ապագայում, ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ և առաջ գործով, և նաև ցույց տալ, թե ինչպիսի տարրական խաբեբա էին իրենց կուռքերը։
Երրորդ․ Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նոր իշխանությունների բառապաշարում բացակայելու են այնպիսի արտահայտությունները, ինչպես օրինակ․ «իսկ հիշո՞ւմ եք, երբ ինչ որ բան անում կամ ասում էր Նիկոլը, դուք լռում էիք կամ հանդուրժում»։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Դա մերը չէ։
Հինգերորդ՝ ամենակարևորը. չթուլանալ։ Այն դիրքորոշումը, որ Նիկոլը հեռանում է, պետք է մտնի բոլորի տներ՝ գյուղերում և քաղաքներում։ Շատերին այն կարող է դուր չգալ, սակայն պետք է բոլորը հաշտվեն այս մտքի հետ։ Բոլորը պետք է գնան քվեարկության։ Բոլորը, առանց բացառության բոլորը։ Սա սկզբունքորեն կարևոր է։ Մասնակցության մակարդակից է կախված լինելու երկրում իշխանափոխության գործընթացների ամրությունն ու անշրջելիությունը։
Եվ վերջինը․ բոլոր առողջ ուժերի խնդիրն է՝ համախմբվել Նիկոլի հեռացման գաղափարի շուրջ։ Չափից ավելի մեծ ձգտումը՝ հավաքել ավելի շատ ձայներ, քան մրցակիցները, ընտրողների մի մասի մոտ կարող է առաջացնել նախանիկոլական ժամանակաշրջանի ոչ ամենալավ հիշողությունները։ Հիշե՛ք սա՝ հատկապես տեղերում։ Վարչական ռեսուրսի և ոչ-ֆորմալ հարաբերությունների օգտագործումը արդեն Նիկոլի մենաշնորհն է․ նա երկու ոտքով հայտնվել է այդ թակարդում։
Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշվարկը։
Նիկոլի գնալուն մնացել է 41 օր:
Առողջ եղեք և ամեն ինչ լա՛վ է լինելու:
Արմեն Գևորգյան