Ընտրություններին ընդառաջ՝ մասնակցող ուժերից յուրաքանչյուրը փորձում է լավագույնս ներկայանալ հասարակությանը՝ մերթընդմերթ հատելով պրագմատիզմի ու պոպուլիզմի սահմանագիծը։
Արտահերթի մասնակիցներից մեկն ուղղակիորեն «պետականության կորուստ» է խոստանում։
Ազգայնական ինքնահռչակված քաղաքական ուժը երեկ հատեց հակառուսական գործողությունների «թույլատրելիի» սահմանը՝ նախընտրական քարոզչության ժամանակ՝ որպես ապագայի տեսլական՝ Սերգեյ Լավրովին «հայտարարելով» ՀՀ-ի համար persona non grata (ոչ ցանկալի անձնավորություն), ինչը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների խզում։
Սա այն դեպքում, երբ Արցախի բնակչության, ինչպես նաև ՀՀ-ի որոշ շրջանների անվտանգությունն անուղղակիորեն ապահովում է ռուսական կողմը։
Ռուս խաղաղապահների՝ Արցախը լքելուց հետո, այն փաստացի ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ հայոց պետականությունը լրջորեն կասկածի տակ կդրվի։
Ամենևին նպատակ չունենալով ինձ վերագրել ռուսական շահերի պաշտպանի դերը՝ պնդում եմ, որ հատկապես այս պահին, ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումն ուղիղ համեմատական է հայոց պետականության կորստին։
Հ.Գ. Ազգային, պետական շահերին հակասող ցանկացած հնարավոր զարգացման դեպքում, արդարացված եմ համարում նախընտրական փուլում տվյալ ուժի ուղղակի հակաքարոզչությունը, ինչն այս դեպքում նույնացվում է պետական շահի պաշտպանության հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել