Pastinfo.am-ը գրում է․

Դեռևս արցախյան վերջին պատերազմից շատ առաջ իմքայլական խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Մակունցը Ազգային Ժողովում վստահեցնում էր, թե Թուրքիան չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիային։ Իհարկե,հիմա արդեն պարզ է, որ նրան այս վստահությունը հենց թուրքական իշխանություններն էին ներշնչել կամ վստահեցրել և վերջինս էլ թուրքերի հանդեպ խոր հավատով լցված իր կողմից փափուկ բարձ էր դնում հայության գլխի տակ։ Այսինքն, այս պարագայում իր հիմնական խնդիրը կարծես Թուրքիային կամ նրա արևմտյան տերերին մեսիջ ուղարկելն էր, թե՝ ես այստեղ միամտացրի։

Բայց եղավ այնպես, ինչպես եղավ։ Եվ բոլորս ականատեսն ու վկան դարձանք արցախյան վերջին պատերազմում թուրքական բայրաթքարների հարձակումներին և ադրբեջանաթուրքական տանդեմի ագրեսիային և Թուրքիայի ակտիվ մասնակցությանն ու դրա հետևանքներին։ Մեր հայրենազրկմանը։

Հիմա՝ Մակունցին ձայնակցում է մեկ ուրիշ տիկին իմքայլական՝ Նազարյան Լենան, հայ-թուրքական հարաբերություների մասին խոսելով ասում է՝ «գուցե հիմա լավ շանս կա, որ թշնամանք չլինի։ Ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական»։

Այստեղ կարելի էր միանգամից ասել՝ ձեր անգիտությունն է խանգարում՝ հասկանալու համար որ նման շանս կամ հնարավորություն՝ չկա, դուք իրատեսությունից մղոններով հեռու եք, թուրք եք ուզում սիրել, գնացեք սիրեք՝ որքան ուզում եք։

ՈՒշագրավն այն է, որ առաջ ընկնելով հենց ինքն է ասում, թե՝ ճիշտ է, նրանք դեռ գերիների հարցում ապակառուցողական են․․․բայց այլ հարցերում կառուցողական կլինեն։ Իյա, իրո՞ք։

Իրո՞ք, թավշյա քայլուհին կարծում է, թե ամեն ինչ կախված է իր մտքում Թուրքիայի հանդեպ վերաբերմունք փոխելուց։

Այսինքն, լինել կառուցողական նշանակում է՝ հրաժարվե՞լ պահանջատիրությունից։ Այսինքն, ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոն զբաղեցնողը եկել ու հայտարարում է, որ ինքն ու իրենք ի շահ Թուրքիայի որոշել են լինել կառուցողական՝ որքան էլ որ Թուրքիան ապակառուցողակա՞ն է՝ ընդհուպ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում կոշտ ու անմարդկային վարքի է դրսևորումը՝ համապատասխան բարբարոս գործողություններ իրականացնելով՝ ինչպես միշտ, ինչպես ցեղասպան թուրքն է եղել բոլոր ժամանակներում։

Սեփական թրքասիրությունը բոլորովին հարկ չկա փաթեթավորել կառուցողական կամ տերպետրոսյանական՝ շինիչ բառով, ամեն բան ավելի քան պարզ ու հստակ է, քան՝ պատկերացնել կարող է ցանկացած թավիշ՝ հայ թուրքական հարաբերություն չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր գործած ցեղասպանությունը։

Եթե վերը նշված տիկնայք չեն հասկանում այս բանը, ապա գոնե արտգործնախարարի մակարդակով պիտի հասկանալի լինի՝ ներկա իշխանությանը, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության վտանգը չի դադարի մինչ այն պահը, քանի դեռ նա չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Քանի ներողություն չի խնդրում, չի ճանաչում, վտանգն առկա է, այն կախված է մեր գլխին։

Թրքասիրության այս միակողմանի ու բացառիկ դրսևորումները կոնկրետ անձանց պարագայում հատկապես կասկածների տեղիք են տալիս՝ մանավանդ, արդեն իսկ շատ գործիչներ բարձրաձայն են ասում՝ վարչախումբը գաղտնի, ԱԳՆ-ից անկախ՝ բանակցում է Թուրքիայի հետ։

Հարց՝ ու՞մով է դա իրականացնում։ Այս հարցն, ի դեպ, ավելի վաղ էլ օդում կար։ Մասնավորաբար, տարեսկզբին դեռ տարբեր աղբյուրներ փոխանցում էին, թե՝ Նիկոլ Փաշինյանն իր համար այլընտրանքային արտգործնախարարություն է ստեղծում, որը համակարգելու է սորոսական Արսեն Խառատյանը:

Այնպես որ, զսպեք ձեր թրքասիրությունը՝ ԱԺ քայլատիկիններ, ձեր անունները հայտնի են, ձեր «կառուցողականության» տակ երևում են թրքասիրահար ձեր տերերի ականջները։

Այդտեղ Հայաստանի ու հայության շահերին առնչվող ոչ մի բան չկա։

Թուրքը մնում է թուրք՝ քանի դեռ չի ճանաչել իր գործած ոճիրը, ցեղասպանությունը, քանի դեռ չի հատուցել հայ ազգին պատճառած վնասները։ Այնպես, ինչպես դա արեց Գերմանիան՝ հրեաների հանդեպ։ Իսկ մեր դեպքն ավելի ցայտուն է, թուրքը մեզ մեր հայրենիքում է բնաջնջել, տիրացել է մեր երկրին և ապրում ու բարգավաճում է այնտեղ։ Հիշողությունը և պահանջատիրությունը մեր սերունդները միշտ են կրելու, սա՝ օղ արեք ձեր ականջներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել