Ադրբեջանն առաջատարն է Եվրոպայի խորհրդում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումների մասին Ստրասբուրգի դատարանի որոշումների քանակով: Այս մասին հետևում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի զեկույցի տվյալներից:

Ինչպես զեկույցում ասվում է, 2020 թվականին ԵԽ նախարարների կոմիտեն 12 նման գործ է դիտարկել, որոնցից 6-ը՝ Ադրբեջանի, 2-ական՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, 1-ական՝ Վրաստանի և Թուրքիայի դեմ:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածն առնչվում է քաղաքական հետապնդումների և քաղաքական դրդապատճառով բռնաճնշումներին:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ադրբեջանը 2020 թվականին միայն երկու գործով է կատարել ՄԻԵԴ-ի վճիռը, իսկ մյուս դեպքերում դիմումատուների իրավունքները չեն վերականգնվել:

Խոսքը, մասնավորապես, «Մամեդլի խմբին», վերաբերող ՄԻԵԴ-ի որոշումների չկատարման մասին է (իրավապաշտպաններ Անար Մամեդլի, Ինթիգամ Ալիև, Խադիջա Իսմայիլովա, Նիդա շարժման ակտիվիստներ Զաուր Գուրբանլի, Ռաշադ Հասանով, Ռաշադաթ Ախունդով, Ուզեյր Մամեդլի, Բայրամ Մամեդով, Գիյաս Իբրահիմով եւ «Հանրապետական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի անդամ Նաթիգ Ջաֆարլի):

Ադրբեջանում 2020 թվականի վերջին ակնկալվում էր 235 դատական որոշումների իրականացում, ինչը 24 տոկոսով ավելին է, քան 2019 թվականին (189):

2020-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին պարտադրված «արդարացի փոխհատուցումը» կազմել է 803 726 եվրո, մինչդեռ 2019 թվականին այդ գումարը կազմել է 707 010 եվրո: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել