Ապրիլի մեկին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքի շրջանակներում Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք, մասնավորապես, առնչվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կայանալիք հանդիպումների, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ: Միջոցառումները կայանալու են 2022 թվականին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել