Դատախազությունը չի առաջնորդվում օրենքով և սա վերջին ժամանակաշրջանի առաջին դեպքը չէ, երբ Դատախազությունը դիտավորյալ դատական նիստերին չի գալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով դատախազ Գևորգ Բաղդասարյանի բացակայությանը:

«Ես դատարանից չէի սպասում այսպիսի ծաղր իրավաբանության նկատմամբ, սակայն դատախազների չներկայանալը ինձ համար սպասելի էր, քանի որ վերջին 3 տարում դատախազությունը որևէ պարագայում չի առաջնորդվում օրենքով ու սա առաջին դեպքը չէ, երբ դատախազությունը դիտավորյալ դատական նիստերին չի գալիս և ձախողում է դատական նիստը, սակայն ամեն պատեհ և ոչ պատեհ առիթների հայտարարում է՝ այլ կողմերն են շահագրգիռ դատական նիստերը հետաձգելու համար»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նշեց՝ միջնորդությունը անգամ չպետք է քննարկվի ՍԴ-ի որոշումից հետո:

«Դատախազները չներկայացան, սակայն դա որևէ հիմք չէր տալիս դատարանին քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել, միջնորդությունը ըստ էության, չպետք է քննարկվի ՍԴ-ի որոշման կայացումից հետո»,- մեկնաբանեց փաստաբանը:

Նա նաև տեղեկացրեց՝ Յուրի Խաչատուրովը և ինքը կարող են հետագա դատական նիստերին չներկայանալ, քանի որ չկա օրինական մեղադրանք:

«Ես այսօր ոչ թե եկել էի դատական նիստին մասնակցելու, այլ մեր մասով որոշումը ստանալու և լքելու դատական նիստերի դահլիճը, մինչդեռ դատարանը գնաց իրենց թնջուկի մեջ պահած պաշտոնատար անձանց հետևից, և նրանց ապօրինությունները կոծկելու նպատակով առկա է պահում ապօրինի քրեական հետապնդումը Յուրի Խաչատուրովի հանդեպ, մենք իրավասու ենք հաջորդ դատական նիստին չներկայանալ, քանի որ չկա օրինական մեղադրանք»,-նշեց նա:

Միհրան Պողոսյանը նաև ընդգծեց՝ իրավական համատեքստում Յուրի Խաչատուրովի նկատմամբ չեն կարող նոր մեղադրանքներ ի հայտ գալ:

«Օրինական ճանապարհով ես բացառում եմ նոր մեղադրանքի ի հայտ գալը, եղած փաստական տվյալների համաձայն Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում նոր սկսելու համար որևէ հիմք չկա, բայց այս իրավիճակում սպասելի է ամեն ինչ»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նաև անդրադարձավ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողություններին.

«Աննա Դանիբեկյանի գործողությունները վերջին 2 տարվա ընթացքում 180 աստիճանով փոխվել են՝ որպես դատավոր, այլ գործերի շրջանակում ևս, ես այսօր շեշտեցի՝ Աննա Դանիբեկյանը չպետք է մեր որակավորումներից վիրավորվի, քանի որ այդ ամենի մեղավորը միայն ինքն է»:

Միհրան Պողոսյանը ընդգծեց՝ հույս ուներ, թե քաղաքական իշխանությունը անօրինական քայլեր չի անելու, բայց այսօրվա իրավիճակը այլ բան է ցույց տալիս:

«Մենք վարչապետի հայտարարությունների հիման վրա ունեցել ենք սահմադրական կարգի տապալում 2019 թվականի մայիսի 20-ին՝ դատարանների դռները շրջափակելով, և ես հույս ունեի՝ դա վարչապետի հայտարարությամբ պայմանավորված վերջին հանցագործությունը կլինի ՀՀ-ում, բայց, ինչպես տեսնում ենք, քաղաքական իշխանությունը դեռևս չի ընկրկում օրինականության նկատմամբ և անօրինական քայլեր է ձեռնարկում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել