Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանի սանիկն ընտրվեց պոլիտեխնիկի ռեկտոր, ասաց` Պոլիտեխնիկում ռեկտոր չի նշանակվել։ 

Նշենք, որ մարտի 15-ին 17 կողմ, 5 դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը։ Լուրեր են շրջանառվում, որ Վարդանյանի ընտրվելն իշխանականների սրտով չէ։

«Այս պահին ռեկտորի որևէ նշանակում չկա։ Մենք ստացել ենք փաստաթղթեր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահից, որոնք պետք է ուսումնասիրվեն, և նոր միայն որոշում կայացվի։ Որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն։ Ըստ մեր ներկայացուցիչների, որոնք ներկա են եղել նիստին, որոշակի հարցեր են եղել, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` ցանկացած որոշում, որը կկայացվի, հիմնավորվելու է, որպեսզի մութ կետեր չմնան։

Հարցին, թե իշխանության սրտո՞վ չէ Վարդանյանի ընտրվելը, նախարարը պատասխանեց, որ «իշխանության սրտով թեկնածու» արտահայտությունը կիրառելի չէ. կլինի որոշում, որի մասին կհայտնեն։ Նախարարը վստահեցրեց, որ տեղյակ չէ` ով ում սանիկն է, և անձնական հարաբերություններն այս դեպքում որևէ նշանակություն չեն ունենալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել