Երեկ երեկոյան հրապարակվեց Երևանի ավագանու 16.03.2020թ. նիստի օրակարգը, որտեղ միայն իմ հաստիքի կրճատման ֆոնին առաջարկվել է ավելացնել 10-ից ավել նոր հաստիքներ տարբեր ստորաբաժանումներում եւ եւս շուրջ 30 հաստիք էլ կավելացվի շուտով՝ Երեւանի 5-րդ փոխքաղաքապետի նշանակումից հետո՝ ճարտարապետական բլոկում /չհաշված անցած ավագանու նիստին ավելացրած հաստիքները/, իսկ զավեշտալին այն է, որ իմ հաստիքի կրճատման հիմնավորման հիմքում ընկած են կառավարման արդյունավետության բարձրացման անբովանդակ մոտեցումներ: Այսինքն, ստացվում է՝ 12 տարի Երևանին անհրաժեշտ է եղել արտաքին կապերի վարչության պետի տեղակալի հաստիք, այսօր պարզվեց, որ այն խանգարում է աշխատակազմի կառավարմանը, իսկ մնացած ստորաբաժանումներն Երևանի բոլոր ընտրված նախորդ քաղաքապետների եւ աշխատակազմերի օրոք կարողացել են արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները, իսկ այսօր, որպեսզի կարողանան արդյունավետ աշխատել պետք են նոր հաստիքներ եւ աշխատողնե՞ր՝ սա՞ է աշխատակազմի երևանցիներին վերջերս խոստացած պատկերացումներն օպտիմալացումների վերաբերյալ՝ 1 գործող եւ մեկ տարուց ավել փաստացի չգործող եւս 1 հաստիքի կրճատման դիմաց 50-60 նոր հաստի՞ք։ Դուք այսպե՞ք եք պատկերացնում օպտիմալ կառավարումը կամ կառավարման արդյունավետության բարձրացումը՝ դա օպտիմալացման իմիտացիա է, ես, որպես կառավարման մասնագետ, գնահատում եմ այս հարցի շուրջ ձեր պատկերացումներն անբավարար:
Ավելին, հիմնավորման մյուս մասը՝ թե վարչության գործառույթները մյուս բաժիններով լիարժեք իրականացվում են, ևս անհեթեթ են, քանզի վերջին 2 տարվա ընթացքում ինձ հանձնարարվել է շուրջ 45 գործ, չհաշված ոչ էլեկտրոնային համակարգով հանձնարարականները կապված եռամսյակային, կիսամյակային և տարեկան տարբեր հաշվետվությունների կազմման ու ամփոփման, վարչության զարգացման ծրագրի ու բյուջեի նախագծերի կազմման, տարբեր տեղեկատվությունների ձեռքբերման ու տրամադրման, գործընկեր ու այլ քաղաքների հետ տարբեր հարցերի շուրջ քննարկումների, ՀՀ ԱԳՆ ու ՀՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության /ի դեպ, առկա են նաև նրանց կողմից անձնապես ինձ ուղղված գրավոր շնորհակալական խոսքեր՝ հարցերին օպերատիվ լուծումներ և աշխատանքին սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար/ և այլնի հետ, որոնք իմ կողմից կատարվել են պատշաճ ու ժամանակին, իսկ վարչության 2 բաժինների պետերին՝ նույն ժամանակահատվածում, ընդհանուր տրված է եղել շուրջ 85 հանձնարարական, որոնց մի մասն էլ իմ կողմից է տրվել: Եթե այս տրամաբանությամբ իմ գործառույթները ուզում եք դնել մյուս բաժնի պետերի վրա /որոշ դեպքերում պետ ասելն էլ հարաբերական է/, ապա էլ ինչու՞ եք տարբեր վարչություններում այդքան հաստիքներ ավելացնում, ավելացրեք աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, չէ որ արտաքին կապերի վարչությունում այդպես եք վարվում:
Լավ, եթե իմ հաստիքը կրճատում եք կառավարման արդյունավետության բարձրացման՝ իրականում քաղաքական հիմնավորմամբ՝ ինչու՞ չեք դիտարկել նաև կոմունալ վարչության պետի տեղակալի թափուր հաստիքի /շուրջ կես տարի թափուր է/, հանրակրթության վարչության պետի տեղակալի թափուր հաստիքի /շուրջ 1 տարի թափուր է/, տրանպորտի վարչության պետի տեղակալի թափուր հաստիքի /շուրջ 1,5 տարի թափուր է/ կրճատումները, չէ որ տրամաբանական է՝ եթե այդ վարչություններն այքան ժամանակ կարողացել են իրենց գործառույթներն առանց այդ հաստիքի աշխատակցի իրականացնել, ուրեմն այդ հաստիքներն այդքան էլ անհրաժեշտ չեն և կարելի է օպտիմալացնել: Այ, իրական օպտիմալացումը հենց այդ տրամաբանությամբ են իրականացնում: Կամ զարգացման և ներդրումային ծրագրերի, իրավաբանական ու գովազդի վարչությունները 1-2 տարի է չունեն պետեր, նրանց փոխարինում են վարչության պետի տեղակալները, կարող էիք այդ մարդկանց նշանակել վարչության պետ և կրճատեիք նրանց՝ տեղակալի հաստիքները, չէ որ մարդիկ 1-2 տարի իրականացնում են պետի գործառույթ, իսկ վարչություններն էլ առանց պետի տեղակալի իրականացնում են իրենց գործառույթները, թե՞ չգործող թարգմանչի հաստիքի հասունացած կրճատումով բավարարվում եք ու անհեթեթ հիմնավորմամբ գործող աշխատողի հաստիքն եք ուզում կրճատել, իսկ առանց հիմնավորումների թափուր հաստիքները պինդ պահում։
Դե իսկ ֆինանսական վարչության պետի տեղակալների հաստիքների ամիսներ առաջ կրճատման, իսկ այսօր կրկին վերականգնման փորձերն աբսուրդի ժանրից են, ինչի մասին արդեն խոսել եմ։
Սրանք փաստացի այն օրինակների մի մասն են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են՝ Երևանի քաղաքապետարանում շարունակվում են քաղաքական հետապնդումները, իսկ աշխատակազմի արդյունավետ կառավարման մասին՝ լռեմ։
Ի դեպ, բա որ իմ գործառույթները այդքան պետք չեն ըստ ձեր «հաշվարկների», տարվա սկզբին վարչության պետի ու արտաքին հարաբերությունների բաժնի պետի գործառույթները միաժամանակ ինչու՞ էիք դրել ինձ վրա նրանց արձակուրդ մեկնելու ժամանակ՝ փաստացի դարձնելով ինձ միաժամանակ վարչության պետ, պետի տեղակալ և 2 բաժիններից 1-ի բաժնի պետ:
Ես պարզ ճակատով կարողանում եմ նայել իմ երեխաների աչքերին, իսկ դու՞ք։ Վաղը, որ հարցեր տան նրանց՝ ի՞նչ են պատասխանելու, իսկ հարցեր, հավատացած եղեք, շատ են լինելու՝ երկիր ենք կորցնում, դուք դեռ իրերը չեք ուզում կոչել իրենց անունով, այդպես շատերիդ է հարմար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել