«Դեռևս երկու շաբաթ առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ պարզաբանումներ խնդրե­լով շրջանառվող աղմկահարույց լուրերի հետ կապված: «Հարգելի տիկին Ռևազյան, մամուլում անդրադարձ եղավ մասնավորապես հետևյալ բովանդակու­թյամբ. «Քաղավիացիայի կոմիտեի նա­խագահը՝ ընտանյոք հանդերձ, բնակվում է հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկու­թյուններով՝  ամուսինը շրջում էր քաղավի­ացիայի վարչական տարածքում, ելու­մուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ»:

Որքանո՞վ է վերը նշվածը համապա­տասխանում իրականությանը, եթե այդ­պես է, ապա խնդրում ենք մանրամասնել:

Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մեր ավիացիան չկարողացավ հավուր պատ­շաճի աշխատել:

Դո՞ւրս է եկել արդյոք ՀՀ-ն Եվրոպա­յի ավիացիոն «սև ցուցակից»:

2020 թվականի հունվարից հայտա­րարվել էր, որ «Ryanair» ավիաընկերու­թյունը Երևանից Եվրոպա թռիչքներ կիրականացնի սկսած 35 եվրոյից:

Նշելով, որ սա Հայաստանի առաջին բյուջետային ավիաընկերությունն է, ինչը տուրիզմի ոլորտում կարևոր փոփոխու­թյուն է: Խնդրում ենք պարզաբանել, որ­տե՞ղ է տվյալ ավիաընկերությունը այսօր: Եվ ինչո՞վ է օգնել ՀՀ-ին պատերազմի ժա­մանակ»:

Միայն երկու շաբաթ անց օրենքի խախտումով մեզ բարեհաճել է պա­տասխանել անձամբ տիկին Ռևազյանը.

- 2021 թվականի փետրվարի 11-ի Ձեր գրության կապակցությամբ տեղեկացնում ենք հետևյալը.

1-ին հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2020 թվակա­նի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հան­րապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպ­տեմբերի 27-ից հայտարարվել է ռազմա­կան դրություն:

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետով Քաղա­քացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ Կոմիտե) իրեն վերապահված լիազո­րություններն իրականացրել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Ցանկանում ենք տեղեկացնել, որ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Կոմի­տեում սահմանված էր շուրջօրյա աշխա­տանքային ռեժիմ, ինչը ենթադրում էր մի շարք աշխատողների քսանչորսժամյա ներկայություն Կոմիտեում: Կոմիտեի աշ­խատանքային գործընթացը համակարգ­վել և կազմակերպվել է Կոմիտեի նախա­գահ Տաթևիկ Ռևազյանի անմիջական հսկողությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի նախագահը ռազմական դրու­թյան ժամանակ գրեթե միշտ գտնվել է աշ­խատավայրում, օպերատիվ որոշումների կայացման անհրաժեշտությունից ելնե­լով, ինչպես նաև այն, որ նրա նորածին երեխային անհրաժեշտ էր մայրական խնամք, ինչը սահմանված է նաև ՀՀ աշ­խատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, վերջինիս հա­րազատները նրան աջակցելու նպատա­կով երբեմն այցելել են Կոմիտեի վարչա­կան շենք:

Կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց մուտքը վերահսկելի գոտիներ իրականացվել է բացառապես Կոմիտեի նախագահի գիտությամբ և թույլտվու­թյամբ ավիացիոն անվտանգության պա­հանջների համաձայն:

2-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ չենք կարող համաձայնել ձևակերպմանը, քանի որ այն չի համապա­տասխանում իրականությանը: Կոմիտեն պատերազմի ընթացքում իր գործառույթ­ներն իրականացրել է ամբողջ ծավալով, ուժերի գերլարումով, մեծ անձնվիրու­թյամբ և պատասխանատվությամբ:

Այդ ընթացքում իրականացվել են նաև ուղևորատար, բեռնատար, ինչպես նաև տարբեր նշանակության այլ թռիչքներ: Ի թիվս Կոմիտեին օրենքով վերապահված այլ գործառույթների, կազմակերպվել և իրականացվել են հումանիտար չվերթեր բազմաթիվ երկրներից:

3-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետու­թյունը երբևէ ԵՄ ավիացիոն անվտան­գության ցուցակում (սև ցուցակ) չի եղել: Այնուհանդերձ, եթե Ձեր հարցը վերաբերում է Հայաստանում գրանց­ված ավիաընկերությունների ԵՄ օդա­յին անվտանգության նորացված ցան­կում ներառելու վերաբերյալ Եվրոպա­կան թռիչքային անվտանգության կոմի­տեի 2020 թվականի հունիսի 2-ի որոշ­մանը, ապա տեղեկացնում ենք, որ Կո­միտեն համագործակցում է միջազգա­յին տարբեր ավիացիոն կառույցների հետ ոլորտում կուտակված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ:

4-րդ հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ «Ryanair» ավիաընկերության կողմից թռիչքների դադարեցումը պայ­մանավորված է բացառապես Քովիդ-19 համավարակով, ինչը հանգեցրեց մարդկանց տեղաշարժի սահմանափա­կումներին և օդային ուղևորափոխադրումների կտրուկ կրճատմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրա­միության տարածքում:

Ավիաընկերությունը հայտնել է նաև, որ 2020/2021 թթ. ձմեռային նավիգացիոն շրջանում ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց՝ միաժամանակ տեղե­կացնելով, որ պատրաստակամ է թռիչք­ներ իրականացնել համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպ­քում:

Նշենք նաև, որ համավարակի երկ­րորդ ալիքի պատճառով Եվրամիության տարածքում սահմանվեցին մուտքի նոր սահմանափակումներ և խստացումներ բազմաթիվ երկրների քաղաքացիների համար այլ երկրներում՝ Քովիդ-19 համա­վարակի տարածման ցուցանիշներից ել­նելով:

Այսպիսով, Ռևազյանը հաստատում է, որ բնակվել է աշխատավայրում: Բա­ցատրությունը, իհարկե, ծիծաղ է առա­ջացնում «ռազմական դրություն էր»: Այդ դեպքում նա դեռ աշխատավայրո՞ւմ է բնակվում, երեխան էլ հե՞տը:

Բայց, շատ ավելի լուրջ է պնդումը, թե սույն Կոմիտեն պատերազմի ժամանակ ինչ-որ դեր է ունեցել: Հայաստան եկել են հատուկենտ ռեյսեր ու հիմնականը ռազ­մական ուղղվածության, որի հետ քաղավիացիան որևէ կապ չունի: Այսինքն, թե «աշխատում էին իրենց չխնայելով», իսկ Կոմիտեի պետն էլ անգամ նորածին երե­խային էր թողել ու գիշեր-ցերեկ աշխատատեղից չէր շարժվում, պարզապես ծաղր է այդ նույն պահին հայրենիքի հա­մար կյանքը ռազմաճակատում չխնայող­ների հասցեին: Ավելի լավ կլիներ պարզա­պես ասեր օդանավակայանում կա ռմբա­պաստարան, և ինքն էլ ընտանյոք հան­դերձ մնում էր աշխատավայրում, որ այն­տեղ պատսպարվի:

Ինչ վերաբերում է մեր իշխանություն­ների թեթև ձեռքով այդքան արտոնու­թյուններ ստացած «Ryanair»-ին, ապա փայլուն գործ են գտել: Ծանր օրերին կա­րելի է Հայաստանից հազարավոր կիլո­մետրերով հեռու մնալ, լավ օրերին էլի վազել՝ փող աշխատելու: Ընդգծենք, որ նման ընկերություններին նորմալ երկրները բարև անգամ չեն տալիս:

Ինչ վերաբերում է «սև ցուցակներին, ապա մինչ մեր Քաղավիացիայի վարչու­թյունը «համագործակցում է միջազգային տարբեր ավիացիոն կառույցների հետ», պարզվեց, որ հայկական գրանցումով ինքնաթիռները կարող են օդում «անհե­տանալ», ու այդ մասին մեր չինովնիկները միայն դրսերից են տեղեկանում: Ամբողջ հարցը սրանից հետո այն է, թե այդ ո՞ր մի լուրջ «միջազգային ավիացիոն կառույցը» ձեր նմանների հետ կհամագործակցի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել