Ֆեյսբուքում ստատուս-կոչ էի գրել ընկերներիս` «Մի բանավիճեք գենդերավախների հետ: Մառազմը տրամաբանության դաշտից չի: Մառազմը պետք ա ուղղակի բոյկոտել»: Հիմա էլ մնում եմ նույն կարծիքին` որ Արեւմուտքից եկող այլասերության եւ նման կարգի անհեթեթ թեմաներով խոսողների հետ բանավեճի մեջ մտնելը անիմաստ զբաղմունք ա: Բայց քանի որ նկատում եմ, որ ահագին մարդ ծանոթ չի «գենդեր» բառի իմաստին, երեւի ճիշտ կլինի անդրադառնալ դրան` զուտ բացատրական մակարդակում, մի երկու բառով էլ` դրան առնչվող օրենքի շուրջ բարձրացած աղմուկին:

Մարդու կենսաբանական սեռը նշելու համար անգլերենն օգտագործել եւ օգտագործում ա «sex» բառը: Իսկ «gender» (գենդեր) բառը մինչեւ քսաներորդ դարի կեսերը անգլերենում օգտագործվում էր որպես քերականական տերմին` նշելու համար բառերի քերականական սեռը: 20-րդ դարի կեսերից սկսած կանանց խնդիրների մասին գրող գիտնականները «գենդեր» բառը սկսեցին գործածել նոր իմաստով` նշելու համար էս կամ էն հասարակության մեջ կնոջը կամ տղամարդուն բնորոշ համարվող հասարակական վարքը, ցույց տալու համար, որ էդ վարքը ոչ թե ի ծնե, բնության օրենքներով որոշվող վարք ա, այլ մի բան, որ հասարակությունն ա, ելնելով սեփական պատկերացումներից, պարտադրում տղամարդուն կամ կնոջը: Այսինքն թե` «կինը սենց պետք ա լինի», «տղամարդը սենց պետք ա լինի» պատկերացումները հասարակական երեւույթ են, ոչ թե ի ծնե` բնական երեւույթ: Նպատակն էր` հասնել նրան, որ կինը կամ տղամարդը, գիտակցելով էդ գենդերային վարքի հասարակական երեւույթ լինելը, իրանց պարտադրված լինելը, ցանկության դեպքում կարողանան ազատվել պարտադրանքից եւ ինքնուրույն ընտրեն իրանց վարքը, կամ ոնց որ անգլերենում սիրում են ձեւակերպել` գենդերային դերը (gender role): Կարծում եմ` ավելորդ չի լինի նշելը, որ «գենդեր» բառը հիմնականում օգտագործվում ա ոչ թե որպես գոյական, այլ որպես ածական (հայերենում նման դեպքում պետք ա գործածել «գենդերային» ձեւը):

Ընդամենը մեկուկես ամիս առաջ Հայաստանում ընդունվեց օրենք` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» (կարող եք գտնել ստեղ): Կարդացեք` կտեսնեք, որ շատ լավ օրենք ա, սահմանում ա «քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները»: Եւ քանի որ օրենքը վերաբերում ա հասարակական ոլորտին, դրանում գործածված ա գենդեր տերմինը, եւ, ի շարս այլ տերմինների, նաեւ բացատրված ա դրա իմաստը`

«Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:

Կարծես թե` ամեն ինչ հասկանալի պետք ա լիներ, բայց պարզվում ա` որոշ պատգամավորենր սկսել են ինչ-որ բան խառնել: Նաիրա Զոհրաբյանը օրերս հայտարարեց, թե ԲՀԿ խմբակցությունը փորձելու ա փոխել էդ օրենքը, որը, ուշադրություն` «ըստ որոշ հասարակական և քաղաքական գործիչների՝ նպատակ ունի այլասերություն տարածել»: Բայց ավելի ուշագրավը փոփոխելու անհրաժեշտության հիմնավորումն ա ` «Ինքս` որպես պատգամավոր, ընդունում եմ մտահոգությունները, որ կան երրորդ կետի վերաբերյալ՝ սեռի ձևակերպման հետ կապված։ «Սեռ» եզրույթն այս նախագծով համարվել է ձեռքբերովի վարք, որը բացարձակապես անընդունելի է»: Ոնց որ տեսնում եք, երեւի շոգի պատճառով, Նաիրան սկսել ա բառերը սխալ կարդալ եւ «գենդեր» եզրույթը կարդում ա որպես «սեռ» եզրույթ: Բայց Նաիրան մենակ չի, իրան ձայնակցում ա ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը` ««Ինձ համար նույնպես զարմանալի ձևակերպում է, հիմա այդ առումով մենք դեռ մեկ ամիս առաջ ընդունել ենք պարոն Ստամբոլցյանին (Խաչիկ Ստամբոլցյանը առաջինը բարձրաձայնեց այս մասին՝ օրենքի նախագիծը համարելով այլասերություն տարածող), երբ ԱԺ-ն արձակուրդում էր և պայմանավորվել, որ սեպտեմբերին ԱԺ-ում անհրաժեշտ փոփոխությամբ առաջարկություն ներկայացնենք»:

Սատանայական ուժերի տիեզերական դավադրությունների մասնագետ Խաչիկ Ստամբոլցյանի անունը շատ խոսուն ա, կարելի էր հենց սրանով էլ վերջակետ դնել, բայց ավաղ, ստիպված եմ շարունակել, որովհետեւ Խաչիկ Ստամբոլցյանն ու իրա շատ սիրած սատանայական ուժերն էս պատմության մեջ գլխավոր անհեթեթությունը չեն: Ինչո՞ւ ա Նաիրա Զոհրաբյանն էդքան վախեցել «ձեռքբերովի վարք» արտահայտությունից, էնքան, որ «գենդեր» բառը «սեռ» ա կարդացել: Որովհետեւ Հայաստանում վերջին ամիսներին ահասարսուռ պատմություններ են շրջում սեռական թեմաներով: Էն մասին, թե շուտով զանգվածային սեռափոխություն ա սկսվելու` մեզ օրենքներ պարտադրող Արեւմուտքի ցուցումով: Էն մասին, թե շուտով Արեւմուտքը ստիպելու ա Հայաստանին մանկապղծությունը ճանաչել որպես բնական, քրեապես ոչ պատժելի երեւույթ: Եւ այլն, եւ այլն: Էս կարգի զառանցանքները հիմնականում գալիս են Ռուսաստանից, եւ ոմանք, սեփական հիմարության պատճառով կամ համապատասխան աշխատավարձի դիմաց, հող են լցնում էդ զառանցանքների տակ, որ ծիլ տան Հայաստանում: Ընդամենը մեկուկես ամիս առաջ ինտերնետում շրջում էր մի ռուս կնոջ զառանցանքը, որը երկար-բարակ պատմում էր, թե իբր Նորվեգիայում երեխա բռնաբարելը պետության կողմից խրախուսվող ազգային սովորություն ա, ու թե ոնց վայրենի նորվեգացիները, պետական մարմինների աջակցությամբ, տղային իրանից խլել են, որ խմբով պարբերաբար բռնաբարեն: Պատմությունն էնքան «հուզիչ» էր ու պատկերավոր, որ իմ ընկերներից ոմանք քիչ էր մնացել հավատային, մինչեւ որ պարզվեց, որ էդ պատմողն ընդամենը խրոնիկ ալկոհոլիկ էր, որից հենց էդ պատճառով Նորվեգիայում վերցրել էին երեխա դաստիարակելու իրավունքը: Բայց խնդիրն իհարկե զառանցող անհատները չեն, այլ էդ զառանցանքը ձայնագրողներն ու տարածողները: Արեւմուտքին այլասերության մեջ մեղադրելը Ռուսաստանի պաշտոնական քաղաքականության մեխերից մեկն ա էսօր, Մոսկվան, զանազան մեծ ու մանր կուրղինյանների միջոցով, տարածաշրջանում փորձում ա ներկայանալ, ոչ ավել ոչ պակաս, որպես բարոյականության, ավանդական/հոգեւոր արժեքների ու քրիստոնեության սուրբ մարմնավորում` ընդդեմ «փչացած» Արեւմուտքի: Սրա քաղաքական նպատակը հասկանալը դժվար չի: Մի փոքր ավելի մեծ ջանք ա պահանջվում հասկանալու համար, թե ովքեր ու ինչ նպատակով են դամ պահում էս ռուսական/հակաարեւմտյան քարոզչությանը Հայաստանում: Կան իհարկե էդ դամ պահողների մեջ նրանք, որ Մոսկվայի պատվերն են կատարում` առաջին ձեռքից կամ երկրորդ: Կան, որ Բաղրամյան 26-ի պատվերն են կատարում, որը մի քանի խաղ ա միանգամից փորձում խաղալ ու նաեւ ուզում ա երկրի ներսում ունենալ «կորչի այլասերումը» գոռացողների փաղանգ` պետք եղած դեպքում օգտագործելու եւ ջուր պղտորելու համար: Եւ իհարկե կա «անմեղ» մասը` ուրվականներից վախեցողները, որոնք գոյություն ունեն միշտ եւ ամենուր, բայց շատ վտանգավոր չեն, եթե իրանց տոն չտան:

Մի քիչ խառը պատկեր ստացվեց: Ուրեմն ի՞նչ անել: Պատասխանը շատ պարզ ա` հիշեք, որ ուրվականները վախից են ծնվում, ոչ թե հորից ու մորից, եւ լույսը վառելիս` միանգամից չքվում են: Ով էլ որ իրանց ուղարկած լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել