§1․ 2019 թ․ սեպտեմբերի 28-ին
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը՝ հանձին ինձ, կազմակերպել էր արշավ Քաշաթաղից դեպի Սյունիք։ Քաշաթաղյան հատվածը համընկնում էր նախկին Ղուբաթլուի շրջանի տարածքին։
§2․ Արշավի սկզբում մի պահ նախնական երթուղին սխալ դուրս եկավ, մնացինք մի անդուր ձորակում լռված։ Ինչպես հաճախ է լինում խմբային անորոշության պայմաններում, արշավականների շրջանում սկսեցին դժգոհություններն ու կիսաձայն քննադատությունները…
§2․1․ Երեք հոգով փոքր-ինչ առանձնացանք որոշում առնելու։ Մեկը ես էի՝ որպես արշավի առաջնորդ, մյուսն ինձ հասակակից էր ու թեպետ տեղանքում նոր էր, բայց մոտավորապես գլուխ հանում էր՝ որտեղ ենք, ուր պիտի գնանք։ Երրորդն ավագ դպրոցական էր, որ արշավի սկզբում ոչնչով չէր տարբերվում մյուսներից, բայց երբ ճամփան գտնելու հարցում դժվարություններ առաջացան, սեփական նախաձեռնությամբ սկսեց մասնակցել ուղեհայթայթման գործին։ Կարճ ասած՝ մաքսվեբերյան երեք տեսակի լիդերությունից էլ կար՝ ավանդական, ռացիոնալ և խարիզմատիկ։
§2․2․ Ելքի մի քանի տարբերակ կար, այդ թվում՝ նախնական ուղուց շեղվելը և արդյունքում Մազրայի՝ 1694 թ․-ին կառուցված եկեղեցին չտեսնելը։ Եռակողմ քննարկման ընթացքում, երբ ես հնչեցրի հնարավոր տարբերակները, մեր խարիզմատիկ առաջնորդը՝ ավագ դպրոցականը, ասաց․
– Իսկ կարո՞ղ ա՝ ժողովրդից հարցնենք։
– Չէ՛, չի՛ կարող,- արագ վրա բերեցի ես։
– Ինչի՞։
– Որովհետև ժողովուրդը չգիտի՝ մենք որտեղից ենք գալիս, հիմա որտեղ ենք, ու հլը ուր պտի գնանք։ Իրանք ինձ են վստահել էսօրվա օրը, ես էլ հիմա ձեր հետ պտի որոշում ընդունեմ։
§2․3․ Քննարկման արդյունքում ընդունվեց համատեղ որոշում՝ մի քիչ չարչարվել, հաղթահարել տհաճ զառիվայրը, բայց չշեղվել նախնական ուղուց ու տեսնել Մազրայի եկեղեցին, որն այսօր ժամանակավորապես օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից։
§3․ Այսօր արդեն, եթե ինձ հարցնեն, թե ինչպես կորցրինք Մազրայի եկեղեցին, ես կձևափոխեմ հայտնի անեկդոտն ու ինքնահեգնանքով կասեմ․ «Այ տենց, էն դպրոցականի պես ժողովրդից հարցնելով»…
§4․ Շնորհավո՜ր մի ժամանակ Մազրայի եկեղեցին, Ղուբաթլուի շրջանն ու Օմարից մինչև Հորադիզ ամբողջ Արցախն ազատագրած հայոց բանակի տոնը։ Էսպես չի մնա…
* Նկարում Մազրայի դաշտն է՝ Մազրու դուզը, որ այժմ գտնվում է ադրբեջանական զինված ուժերի ժամանակավոր օկուպացիայի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել