Վերջին օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներքաղաքական զարգացումներն են։ Օրերս անգամ զանգվածային անկարգություններ եղան Ռուսաստանի մի շարք քաղաքներում, որոնք պայմանավորված էին Ալեքսեյ Նավալնու վերադարձով ու ձերբակալմամբ։ Իրադարձությունը որոշ չափով նաև մեր հասարակության ուշադրությունը գրավեց, ու հաշվի առնելով, որ առջևում զարգացումներ են սպասվում, կարիք կար գնահատելու ռուսաստանյան զարգացումները, առավել ևս, որ դրանց մասով հաճախ սխալ զուգահեռներ ենք անցկացնում մեր պատուհասի՝ 2018 թվականի պետական հեղաշրջման հետ։ Մասնավորապես՝ շատերը գուժում են, որ Ռուսաստանում ծնվեց իրենց Նիկոլը, ու հեսա տեսեք, թե ինչ է սկսվելու։

Նման դիսկուրսը իմաստ չունի, եթե դուք քիչ թե շատ ծանոթ եք Ռուսաստանի պատմությանն ու առավել ևս՝ Ռուսաստանի նորագույն պատմությանը։ Ռուսաստանը չափազանց մեծ է, ռուսական պետականության արմատները շատ ավելի խորն են, ռուսական հասարակությունն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, շատ ավելի բարեկեցիկ է ու առաքինի, ռուսական ուժայիններն էլ՝ շատ ավելի ուժային ու վճռական, քան մերը, որպեսզի սպոնտան բունտը եզրահանգվի պետական հեղաշրջմամբ։

Կարծում եմ, որ ռուսական Նիկոլի գալուստ տեսնողներից շատերը չգիտեն կամ մոռացել են 1996 թվականի Ելցին-Զյուգանով ընտրությունների մասին։ Հիշեցնեմ՝ Ելցինի մեկնարկային վարկանիշը 4 տոկոսը չէր անցնում, ու գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Զյուգանովը հաղթելու է ընտրություններում։ Հայաստանում այսօր քչերն են հիշում, որ Ելցինն, այնուամենայնիվ, հաղթեց՝ հենվելով այսպես կոչված «Սեմիբանկիռշինայի» ռեսուրսների ու հնարավորությունների վրա։ Էլ ավելի քչերն են հիշում, որ գոյություն ուներ նաև «Պլան Բ», որը ենթադրում էր, որ եթե նախորդ պլանը տապալվում է, Ելցինի թիկնազորի պետի գլխավորությամբ գործող ուժայինների բլոկը հայտարարում է արտակարգ դրություն, արգելում են ՌԴ կոմունիստական կուսակցությունը և չեղյալ են ճանաչում ընտրությունները՝ Ելցինին կարգելով դիկտատոր։ Ու սա ֆանտաստիկայի ժանրից չէ, այս մասին կան բազմաթիվ փաստեր ու վկայություններ, այդ թվում՝ ամիջական դերակատարների կողմից։

Առակս ի՞նչ կցուցանե։ Ռուսաստանը Հայաստան չէ։ Բոլոր առումներով՝ լավ թե վատ։ Այն, ինչ աշխատել է Հայաստանում, բնավ դատապարտված չէ աշխատելու Ռուսաստանում։ Նավալնու պրոյեկտի կնքահայրերի համար էլ է սա հասկանալի, դրա համար, հայկական սցենարի տարրերին զուգահեռ, կիրառվում են ուկրաինական ու բելառուսական սցենարների տարրեր, բայց շատ կարևոր է հասկանալ, որ այդ ամենը հիմա չէ արդյունք տալու, այլ տալու դեպքում՝ 1-3 տարի հետո, երբ Պուտինի իշխանության հենասյուներն ավելի թույլ կլինեն։ Ռուսաստանում հիմա Նիկոլ չի ծնվում, այլ Նավալնին է էշ-նահատակ լինում ու իր հետ նահատակում այլոց։

Կա մի անկյունաքարային նախադրյալ, որի առկայության դեպքում է միայն հնարավոր տվյալ պետությունում իրականացնել պետական հեղաշրջում. ժողովորդի բացարձակ մեծամասնությունը պետք է ատի սեփական պետությունն ու պետականությունը կամ էլ գոնե անտարբեր լինի։ Այդպես էր Ուկրաինայում, այդպես էր Վրաստանում, այդպես էր Հայաստանում, դրա համար այդ երկրներում Մայդանը հաղթեց։ Բելառուսում այդքան էլ այդպես չէր, դրա համար ռուսները կարողացան կանխել այն, ինչ անխուսափելի էր թվում։ Ռուսաստանում առավել ևս այդպես չէ, բայց այստեղ պետք է մեկ կարևոր ճշտում անել՝ ԴԵՌ այդպես չէ։ Ուստի Ռուսաստանում դեռ Նիկոլ չի գա, բայց այդ ԴԵՌ-ը սարերի հետևում չէ, եթե Ռուսաստանն արմատական վերանայումներ չանի իր ներքին ու հատկապես արտաքին քաղաքականությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել