Վաղը Եռաբլուր ենք գնում։ 18։30 հավաքվելու ենք Գարեգին Նժդեհի հրապարակում ու երթով բարձրանանք տղերքի մոտ։ Այնտեղ հոգեհանգստի կարգ է լինելու։ Մեր զինվորների շիրիմները կօրհնվեն ու կխնկարկվեն։ Մենք էլ կաղոթենք նրանց հոգու հանգստության ու մեր երկրի ապագայի համար։ Վաղը շատ կարևոր օր է լինելու։ Ուզում եմ նաև, որ լուռ օր լինի։ Որ այնտեղ՝ տղերքի մոտ, մի պահ ամենքս մեկ դառնանք, մեր ներսը նայենք, միասին մտածենք մեր արածների ու անելիքների մասին, բայց ամենակարևորը՝ ապաշխարենք։
Անկեղծ եմ ասում՝ ես ոչ մի պահ չեմ կասկածում, որ իրավիճակը շտկվելու է։ Ոչ մի պահ չեմ կասկածում, որ մեր երեխաները նորից Ղազանչեցոցում են պսակվելու ու Դադիվանքում մեր թոռներին մկրտելու… Ես ուղղակի ուզում եմ, որ դրա համար շատ թանկ գին չվճարենք։ Իսկ դրա համար առաջին հերթին ապաշխարել է պետք։ Մեր հայրերի շատ պարզ կանոնները պահել է պետք։ Ու նաև կրթվել է պետք։
Եռաբլուրի բարձունքում այս պարզ ճշմարտությունները շատ ավելի են տեսանելի։ Եկեք և ինքներդ համոզվեք։ Կանգնեք այնտեղ հանգրվանած տղաներից ցանկացած մեկի շիրիմի առջև, նայեք նրա աչքերին և միանգամից կլսեք նրանց՝ հավերժության խորքից մեզ ուղարկված պատգամը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել