ամառ2Ankakh.com-ը գրում է.

Ամառն այն ժամանակաշրջանն է, երբ սկսում ենք ամբարել մնացած ողջ տարվա համար: Խոսքը ոչ միայն մթերքի, պահածոների մասին է, այլև` առողջության: Վիտամիններն ու կենսուրախ տրամադրությունը, որ բերում է ամառն իր հետ, մեզ օգնում են ձմեռը թեթև տանել: Ամառը հանգստի շրջանն է, ու հնարավորության դեպքում մեկնում ենք ուզած տեղը կամ պարզապես ամառանոց տեղափոխվում: Սակայն  երբեմն այդ երկար սպասված  հանգիստը խափանվում է, վերածվում է անցանկալի իրավիճակների,  նույնիսկ քրոնիկ հիվանդությունների շրջանի: Ուրեմն ի՞նչ պետք է անել, որ ամառվա հանգիստը միմիայն հաճույք պատճառի:

Թունավորում, ստամոքսի խանգարում

Ամառվա թերևս ամենատարածված անհանգստությունը ստամոքսի խագարումն ու թունավորումն է: Այն ոչ միայն խառնում է մեր պլանները, այլև կարող է լուրջ հետևանք ունենալ առողջության վրա: Պատճառը սնման բնույթի խանգարումն է` սննդաբաժնում մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղենի, կանաչեղենի  օգտագործումը, երբեմն` անլվա, ոչ թարմ ու ոչ բարձրորակ, մանրէներով վարակված սննդի օգտագործումը կամ էլ կեղտոտ ձեռքերով «բերանը մի բան գցելու» սովորությունը:

Ինչպե՞ս խուսափել

Խուսափելու համար պարզապես հրաժարվեք այն ամենից, ինչի թարմության ու մաքրության հարցում կասկած ունեք: Իսկ շոգ երկրներում «զրկեք» ձեզ տեղի էկզոտիկ ուտեստներից, ջուր խմեք միայն ծանոթ, ստուգված աղբյուրներից կամ էլ օգտագործեք շշալցված ջուր:

Հասարակ ու ծեծված մի խորհուրդ. անպայման ուտելուց առաջ լվացվեք: Ամռանը` հատկապես. հաճախակի լվացեք ձեռքերը, ամեն ընձեռված առիթի դեպքում:

  • Երբեք մի կերեք անլվա պտուղ կամ բանջարեղեն, եթե անգամ այն պոկել եք ինքներդ սեփական հողամասից:
  • Շոգ եղանակին խուսափեք հանքային ջրերից կամ սոդայի բարձր պարունակությամբ թխվածքներից, քանի որ հիմնային միջավայրը նպաստում է միկրոօրգանիզմների բազմացմանը: Գերադասեք կիտրոնով ջուրը, մրգային կոմպոտներն ու կարկադե թեյը:

Աղիքային վարակների նկատմամբ հակվածությունը մեծ է  ստամոքսի խոցի դեմ դեղորայք ընդունողների մոտ: Ամռանը հնարավորության դեպքում հարկավոր է հրաժարվել ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղորայքի ընդունումից ու դրա փոխարեն օգտագործել բուսական խառնուրդներ:

Առաջին օգնությունը

Լավ ազդեցություն է ունենում փորլուծի դեպքում բաց վարդագույն մանգանալուծույթը: Այն ավելի լավ է խմել երեկոյան` քնելուց առաջ և առավոտյան: Մեծահասակները պետք է խմեն 1 բաժակ լուծույթ, իսկ փոքրերը` 0,5 բաժակ:

Օգնում են նաև չորահացը կանաչ թեյի հետ, բրնձաեփուկը և օրական 4 անգամ` 2 հաբ ակտիվացված ածուխը: Եթե լուծը չի անցնում, ապա կարելի է  կաղնու կեղևի եփուկ օգտագործել. մեկ ճաշի գդալ հումքը` մեկ բաժակ ջրին: Թույլ կրակի վրա եռացնել 15 րոպե, թրմել 2-3 ժամ ու խմել մեկ քառորդ կամ կես բաժակ` օրական 2 անգամ:

Հանգստացնում է նաև քրքումը (վաճառվում է): Դրա համար 1 ճ/գդալ եռման ջուրն ու 1 թ/գդալ քրքումը խառնեք իրար ու անմիջապես օգտագործեք:

Ամառային հանգստի հաջորդ վտանգը ջերմային հարվածն է, ինչ մասին արժե կրկին հիշեցնել, չնայած «Անկախի» նախորդ համարներում մանրամասն գրվել է ջերմային հարվածի ախտանշանների ու հետևանքների մասին:

Ջերմային հարվածն ու արևայրուքները ևս ամառվա ամենահաճախ պատահող տհաճություններից են: Խուսափելու համար պարզապես հարկավոր է արևից հնարավորինս  խույս տալ,  մանավանդ եթե գլուխն արևի ճառագայթներից պաշտպանելու հնարավորություն չունեք: Ջերմային հարված ստանալուն նպաստում է նաև գերհոգնածությունը, օդի գերխոնավությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նույնիսկ` կիպ հագուստը: Ջերմային հարվածը կարող է մարդուն սպառնալ անգամ սենյակում, փակ տարածքում, բարձր ջերմաստիճանի ու խեղդոցի հետևանքով: Արևայրուքը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը և ագամ մաշկային  լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Խուսափելու համար գոնե ցերեկվա  ժամը 12-17-ը արևի ուղիղ ճառագայթներից պետք է  հեռու մնալ: Խուսափեք  արևահարվելուց լիքը ստամոքսով կամ ալկոհոլային խմիչքների օգտագործումից հետո: Խուսափեք շոգին ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց, կերեք չափավոր, հագեք թեթև, լավ օդափոխվող հագուստ` բնական կտորներից ու դրեք բաց գույնի գլխարկ կամ գլխանոց:

Առաջին օգնությունը. եթե առաջին ախտանշաններն առկա են, ապա իսկույն տեղափոխվեք ստվերոտ վայր կամ հնարավորության դեպքում մտեք օդորակիչով  զովացվող տարածք, նստեք, քանդեք կոճակները, դեմքը հովացրեք հովհարով կամ թերթով, խմեք սառը ջուր, գլխին սառը կամ քացախով թրջոց դրեք: Շնչարգելությունից ու այտուցից խուսափելու համար աշխատեք չպառկել: Ուրեմն առաջին օգնության նպատակը մարմինը հովացնելն է սառը ցնցուղով կամ թրջոցներով: Մաշկի կարմրած հատվածներին կարելի է  թթվասեր, կաղամբի տերև, մածուն, եզան լեզու դնել` չորանալուն պես փոխելով այն: Կարելի է նույնիսկ ջերմիջեցնող խմել, ասենք` ասպիրին:

Շոգին  օրգանիզմը սառեցնելու հետևանքները

Ամռանը  հաճախ են պատահում մրսածության հետևանքով առաջացած հիվանդություններ: Երբ աշխատում ենք փրկվել կիզիչ արևից  սառը ջրի տակ մտնելով կամ զովացուցիչ, սառույցով ըմպելիքով կամ էլ  օդորակիչի տակ նստելով, երբեմն հաճույքը մոռացնել է տալիս այն սահմանը, որը հատելը վտանգավոր է առողջության համար:

Այդ հովը, սառնությունը կարող է գոտկատեղում սրացնել պիլեոնեֆրիտը, ռադիկուլիտը, ցիստիտը, երեխաների մոտ հնարավոր է` անմիզապահություն առաջանա, կանանց մոտ` ձվարանների բորբոքում ու էնդոմետրիտ` արգանդի բորբոքում, իսկ տղամարդկանց մոտ` շագանակագեղձի բորբոքում:

Հնարավոր է` արթրիտներ առաջանան, որոնք բութ ցավով  ու ճտճտոցով են ուղեկցվում, ու վատն այն է, որ հիվանդին թվում է, թե ցավերն ինչպես առաջացել են` այնպես էլ կանցնեն, առանց մասնագիտական միջամտության:

Ի դեպ, պետք է նկատի ունենալ, որ երիկամներն անմիջականորեն կապված են ականջների վիճակի հետ. երիկամները մրսացնելը կարող է հանգեցնել օտիտի (ականջաբորբ) կամ լսողության ծանրացման: Իսկ եթե սառչում են ոտքերը, ապա երիկամների հիվանդությունը խորանում է:

Ինչպե՞ս կարելի է խուսափել. մրսածության ամենահաճախ պատահող պատճառը թե՛ մեծերի և թե՛ փոքրերի մոտ խոնավ լողազգեստն է: Ուստի, ջրից դուրս գալուն պես հարկավոր է հանել խոնավ հագուստը, իսկ եթե նման հնարավորություն չկա, գոնե խավավոր սրբիչով փաթաթվել, որ սրբիչը լողազգեստի խոնավությունը վերցնի` չթողնելով, մարմինը սառչի: Վտանգավոր, սակայն հաճելի պահ է, երբ խոնավ լողազգեստի պարագայում նաև զով քամի է լինում:

Առաջին օգնությունը

Առաջինը, որ նման դեպքում հարկ է ձեռնարկել, ոտնաթաթերը տաքացնելն է. տաք լոգանք, ոտքերը շփել սխտորով, գուլպաների մեջ չոր մանանեխ լցնել, բրդյա գուլպաները հագից չհանել ողջ օրը: Իսկ եթե շատ շոգ է, ապա բրդյա գուլպաները կարելի է փոխարինել բամբակյա գուլպաներով:

Նման դեպքում շատ օգտակար է կոճապղպեղով ըմպելիքը. մեկ պտղունց աղացած կոճապղպեղը` մեկ բաժակ եռման ջրին, ավելացնել 1 գդալ մեղր ու մեկ շերտ կիտրոն:

Եթե գոտկատեղը մրսացնելու հետևանքով ականջացավ է առաջացել (աղմուկ, թարախահոսություն), ապա կօգնեն չոր տաքությունը, ականջաետևի մերսումը` քաֆուրի  (կամֆորա) յուղի կամ բևեկնախեժի կիրառմամբ:

Երիկամները լավ տաքացնում է գազարի սերմերի կամ սամիթի եփուկը. դրա համար 1 թ/գդալ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր (թերմոսում) ու թողնել գիշերը: Խմել օրական 2-4 անգամ` մեկ ճ/գդալ, իսկ սամիթի թուրմը` օրական 5-7 անգամ: Բոլոր եփուկները օգտագործել միայն մեկ շաբաթ, ոչ ավելի:

Գոտկատեղը մրսացնելուց ու դրա հետևանքով առաջացած հիվանդությունների դեպքում կտրականապես արգելվում են սառը կերակուրը, սառն ըմպելիքները, իսկ գազավորված ըմպելիքներն ընդհանրապես պետք է բացառել: Հիվանդության ընթացքում արժե խուսափել հում բանջարեղենից: Օգտագործել միայն ջերմամշակվածը կամ եռման ջրով ցողած, կոճապղպեղով, տաքդեղով, սոխով ու սխտորով համեմած բանջարեղեն: Իսկ մրգերը կոմպոտի տեսքով օգտագործել:

Վերը թվարկված հիվանդություններից ու տհաճություններից կարելի է խուսափել` նախազգուշական տարրական կանոնների հետևելով:  Այդ դեպքում ամառը միայն հաճելի տպավորություների ու անմոռանալի հիշողությունների ժամանակ կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել