• Պատմությունից գիտենք, որ նոր երկրներ զավթողներն առաջինը վերացնում էին նվաճյալների մատյաններն ու սուրբ գրքերը։ Պատճառը պարզ է․ ազգ ու պետություն ասվածն առաջին հերթին գաղափարներն են ու պատմությունը (20-րդ դարի գիտալեզվով՝ imagined communities)։
• Հենց սա է պատճառը, որ վերջին կապիտուլյացիայից հետո ես մեր 26-ամյա միակ ձեռքբերում այս պահին համարում եմ Օմարից մինչև Արաքս հայկական Արցախի գաղափարը։ Դա է պատճառը, որ հայաստանյան հասարակության ազգային զարգացման ընթացքի սեփական տեսլական ու օրակարգ ունեցող օտարերկրյա շրջանակները թիրախավորում են ազգային եկեղեցին և հայոց պատմության դասագրքերը։
• Եվ հենց դա է պատճառը, որ թուրքերն ու ադրբեջանցիները հետևողականորեն պայքարում են «Մեծ Հայաստանի» (Büyük Ermenistan/Böyük Ermənistan) և «հայկական կայսերականության» գաղափարների դեմ։ Շատերին զարմանալի կարող է թվալ, որ Արցախի տարածքի 73% և քաղաքական Արցախն ամբողջությամբ կորցրած, Սյունյաց դարպասները պանթուրքականության ճիրաններից փրկել չկարողացող Հայաստանը վախ է ներշնչում Թուրքիային ու Ադրբեջանին։ Զարմանալի ոչինչ չկա։ Վախենալուն ոչ այնքան Հայաստանն է, որքան «Մեծ Հայաստանի» գաղափարը։ Գաղափարներն իրոք վախենալու բաներ են։ Դրանք նյութականանալու շանս ունեն, քանի դեռ կա գեթ մեկ մարդ, որ հավատում է դրանց։
• Ես սա «կենդանի» զգացի, երբ դիպլոմային աշխատանքս գրելու համար 18.8 տարեկանում այցելել էի Ստամբուլում գտնվող Բայազետի գրադարան և հայտնաբերել 1992 թ․-ին տպված խոսուն վերնագրով այս գիրքը՝ «Büyük Ermenistan hayali ve Kars՛tan Karabağ՛a ermeni vahşeti» («Մեծ Հայաստանի երազանքը և Կարսից Ղարաբաղ հայկական վայրագությունը»)։

* Նկարում ես եմ Կարսի բերդի մոտ (24.09.2011 թ․)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել