Սիրիացի ահաբեկչի հարցաքննության տեսանյութը թողարկելը կարևոր քայլ է Հայաստանի իշխանությունների կողմից: Բայց զարմանալի է, որ այն թողարկվում է միայն հայերենով, թեև ռուսերեն և անգլերեն լուսագրեր կան:

Անհրաժեշտ էր դեռևս անմիջապես ձերբակալությունից հետո նույնատիպ նյութ պատրաստել արաբերենով, ինչպես նաև տեսագրել այս ահաբեկչի ուղերձն իր ցեղակից-խմբակիցներին իր հայրենական գավառում: Անհրաժեշտ էր և անհրաժեշտ է այդ ուղերձը տեղադրել սոցցանցերում և միջինարևելյան սփյուռքի օջախների մասնակցությամբ տարածել:

Անհրաժեշտ է լինել նախաձեռնողական և ուղերձ հասցնել պոտենցիալ մյուս ահաբեկիչ-մարտիկներին, որ սա «սրբազան-պատերազմ» չէ, որ իրենք զոհաբերվում են հանուն այլոց շահերի, որ իրենք հայկական հողից կենդանի դուրս չեն գալու, և որ գումարը չարժե այն վերաբերմունքը, որին արժանանալու են Ադրբեջանում, և այն ճակատագիրը, որ նրանց սպասում է հայկական հողում:

Հայերենով հայկական լսարանին մատուցելն այս ամենը տեսանյութի տեսքով հետաքրքիր է, բայց ոչ ավելին: Մեզ անհրաժեշտ է ոչ թե հետաքրքրություն բավարարել, այլ հիբրիդային պատերազմի բոլոր ճակատներում պատերազմել: Եվ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

Հետևաբար արաբերեն տարբերակը արաբախոս լսարանի համար ուղղակի անհետաձգելի անհրաժեշտություն է: Եվ դա պետք էր անել երեկ։ Բայց այսօր էլ ուշ չէ։ Ուշ չէ, եթե չուշանանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել