Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանե համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել