1lurer.am-ը գրում է․

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ռազմական դրություն է, պատերազմական իրավիճակ, և գործողությունները պետք է բխեն այդ հանգամանքից:

«Երեկվանից ես լսում եմ և՛ այս նախագծի, և՛ նաև Կառավարության որոշման վերաբերյալ քննադատություններ, այն որոշման, որով լրացումներ են կատարվել ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ: Հասկանում եմ, որ խոսքի ազատությունը բարձր արժեք է, որի իրավունքը ժամանակի ընթացքում մենք նվաճել ենք, բայց խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, հետևաբար, այդ կոնվենցիոն իրավունքն անգամ ենթակա է սահմանափակումների՝ ելնելով օրենքով հետապնդվող իրավաչափ նպատակից»,- ասաց Տիգրանյանը: 

Պատգամավորի խոսքով՝ ունենք ազգային անվտանգության, պաշտապանունակության խնդիր, և այս տրամաբանությամբ են թելադրված մեր գործողությունները:

«Ինչ վերաբերում է պետական մարմիններին կամ տեղական ինքնակառավարման մարնիններին քննադատելու հնարավորությունից իբր թե զրկելուն, ապա պետք է ասել, որ ռազմական դրության ժամանակ այդ մարմինների գործունեությունը վերածվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի: Նրանց գործողությունները միտված են երկրի պաշտպանունակությունը ամրապնդելուն, և որևէ մեկը չի սահմանափակում այդ մարմինների գործողությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու ձեր հնարավորությունը, բայց այլ բան է գործող պաշտոնական տեղեկատվությանը զուգահեռ ապատեղեկատվություն տարածելը՝ դրանից բխող վնասակար հետևանքներով»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել