Lurer.com-ը գրում է․

Օրերս վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդես էր եկել նախաձեռնությամբ, ըստ որի` կանայք կարող են ներգրավվել նախնական զինվորական պատրաստության վարժանքների: Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները: Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 օր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: 

Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ, որը կողմ արտահայտվեց Աննա Հակոբյանի նախաձեռնությանը. «Բացասական չեմ վերաբերվում Աննա Հակոբյանի՝ կանանց նախնական զինվորական պատրաստության նոր նախաձեռնությանը,  որովհետև  նմանատիպ մտահաղացում տարիներ առաջ ինձ մոտ էլ է եղել»,- ասաց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ, միանշանակ, կլինեն աղջիկներ և կանայք, որոնք կներգրավվեն ծրագրին. «Շատ-շատ եմ հանդիպել և‘ աղջիկների, և‘ կանանց, որոնք ցանկություն են արտահայտել մասնակցելու նմանատիպ ծրագրերի, կարծում եմ՝ հասարակությունը ևս նորմալ կգնահատի այս գաղափարը: Միայն թե, շատ կարևոր է գնահատել՝ արդյոք անհրաժեշտություն կա աղջիկներին և կանանց սահման ուղարկելու»,- նշեց Աննա Կոստանյանը :

Թեև պատգամավորը դրական գնահատական տվեց Աննա Հակոբյանի այս նախաձեռնությանը, այնուամենայնիվ, կա մի կետ, որն անորոշ է մնում իր համար.  «Գաղափարախոսական ինչպիսի փոփոխություն տեղի ունեցավ՝ խաղաղության կոչերից հետո աղջիկներին և կանանց պատրաստվում են ուղարկել առաջնագիծ: Ինձ համար մի փոքր զարմանալի է, որ այդ նախաձեռնությունը հենց վարչապետի տիկնոջ կողմից է, այն հռետորաբանության սկզբունքով, որ խաղաղության կոչեր էր միշտ հղում, իսկ հիմա հանդես է եկել նախաձեռնությամբ, որով աղջիկներին և կանանց ներգրավում է  նախնական զինվորական պատրաստության վարժանքների մեջ»,- նշեց պատգամավորը :

Մեր այն հարցին՝ արդյոք Աննա Կոստանյանը անհրաժեշտության դեպքում ևս կմասնակցի ծրագրին, պատասխանեց. « Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կարծում եմ` ոչ միայն ես, այլև ամբողջ ժողովուրդը պատրաստ կլինի մեկնելու և սահմանները պահելու: Կանայք էլ լարված պատերազմական իրավիճակներում իրենց առաքելությունն ունեն» ,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել