Դարեր ի վեր հայ ժողովուրդը բազմիցս առերեսվել է պետականության կորստի դաժան ճակատագրին։ Առաջին հայացքից սա միայն արտաքին թշնամիների հարձակումների արդյունքն է։ Հասկանալի է, սակայն, որ թշնամին չի հարձակվի կամ առավել ևս հաջողության հասնի, եթե երկրի ներսում տիրում է համերաշխության մթնոլորտ։
Իշխանափոխությունից հետո (մոտ մեկ ամիս) Հայաստանում տիրում էր բացառիկ համերաշխության և ներդաշնակության մթնոլորտ և բոլորը՝ մոռացության տալով միջանձնային կոնֆլիկները ժպտում էին իրար՝ առանց ավելորդ ագրեսիայի։
Դժբախտաբար, երկու տարի անց, տնտեսական, սոցիալական ծանր կացության և աշխարհաքաղաքական լարված իրավիճակին զուգահեռ, Հայաստանն ու հայ ժողովուրդը պառակտված է առավել քան երբևէ, քանզի իշխանությունների թեթև ձեռքով հասարակությունը բաժանվեց սևերի և սպիտակների (հիմա պարզ չէ, թե ով է սև և ով սպիտակ)։
Այս ամենին զուգահեռ, հասարակության մի ստվար հատված, այլևս հույսը կորցրել է, որ մի գեղեցիկ օր Հայաստանը լինելու է հզոր, իսկ հայ ժողովուրդը՝ միաբան։
Հասարակական տրամադրությունների մեջ լայն տարածում են գտել արտակարգ դրության ավարտից հետո Հայաստանը լքելու (արտագաղթելու) ասեկոսեները, քանզի ժողովուրդն արդեն հոգնել է լսել և հավատալ քաղաքական ուժերին, քանի որ հասարակության աչքերում անէացավ «Նիկոլ փրկչի» կերպարը։
Հասարակական այս տրամադրություններն անշուշտ դեմոգրաֆիական աղետի սկիզբն են և Հայաստանը, շարունակելով բախվել այս կարևոր խնդրին, չբուժվող վերքի պես շարունակում է արյունահոսել։

Հ.Գ. Կոչ եմ անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին և քաղաքական ուժերին, միավորվել և քաղաքական մոտալուտ փոփոխությունից հետո, (քանի որ գործող իշխանությունն արդեն սպառել է վստահության լիմիտը) մոռանալով միջանձնային մանր խնդիրները, լծվել Հայաստանն իրական կործանումից փրկելու ազգանվեր գործին։

Միաբան եղե՛ք, երկիր ենք կորցնում.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել