Hetq.am-ը գրում է․

Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է` Արտյոմ Մելքումյանը:

Վերջինս տարածքի վարձակալ չէ, դիմել է «Սևան» ազգային պարկ անտառմաքրման աշխատանքներ իրականացնելու խնդրանքով, ինչից հետո տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա:

Ափը սեփականաշնորհված չէ

Դեռևս հուլիսի սկզբին տեղեկություն ստացանք, որ այս լողափը փաստացի շահագործողն առնչություն ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, ինչից հետո սկսվեց մեր նամակագրությունը «Սևան» ազգային պարկի հետ: Նախ նշենք, որ տարածքը սեփականաշնորհված չէ, այն պատկանում է «Սևան» ազգային պարկին, այսինքն` պետությանը, պարզապես տարածքի նկատմամբ կա վարձակալության իրավունք:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում գտնվող ափամերձ 3,34 հա հողամասի նկատմամբ վարձակալության և կառուցապատման իրավունքը դեռևս 2009 թվականին գրանցվել է Ռուբեն Չախմախչյանի անունով, սահմանվել է տարեկան 400 հազար 800 դրամ վարձավճար: Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվել է մինչև 2012 թվականի ապրիլի մեկը, սակայն, ինչպես հայտնում են «Սևան» ազգային պարկից, իրավունքի պետական գրանցումը չի դադարեցվել, և տարածքը փաստացի շահագործվում է:

Ռուբեն Չախմախչյանը Ռուսաստանում հայտնի ճարտարապետ է, ըստ կենսագրական տվյալների` վերջին տարիներին բնակվում է Մոսկվայում, սակայն 1989-1993 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալը:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` վարձակալ Ռուբեն Չախմախչյանը չի վճարել վարձավճարը, ինչի պատճառով «Սևան» ազգային պարկը հայցադիմում է ներկայացրել` գումարի բռնագանձման պահանջով: Հայցադիմումը սակայն վերադարձվել է հայցվորին, քանի որ կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագրի ուսումնասիրությունից դատարանն արձանագրել է, որ Ռուբեն Չախմախչյանի հաշվառման վայրը ոչ թե Երևանում է, այլ Մոսկվայում:

Փաստական հանգամանքները հնարավոր չէ պարզել, քանի որ հայցադիմումը հետ է ուղարկվել, և գործի նյութերում ներառված բռնագանձման ենթակա գումարի չափի մասին տեղեկություն չկա:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև տարածքի վարձակալ Ռուբեն Չախմախչյանի հետ, վերջինս վստահեցրեց, որ հոդվածում հիշատակվող անձանց հետ որևէ առնչություն չունի, նույնիսկ չի ճանաչում: Չախմախչյանի խոսքով` հողամասը ձեռք բերելուց հետո բավական շատ գումար է ներդրել, այդտեղ կառուցել հանգստյան գոտի, սակայն այն չի շահագործել եկամուտ ստանալու համար: Ասում է` բարեգործական նպատակներով տրամադրել է ընտանիքների, որոնք նման հնարավորություն չունեին, այդ թվում նաև ընկերներին ու բարեկամներին: Չախմախչյանը լողափն արդեն չի շահագործում մի քանի տարի: Վերջինս դժվարացավ հիշել, թե որքան պարտք է կուտակել, սակայն ասաց, որ արդեն կապ է հաստատել «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ ամբողջ պարտքը օգոստոսին կվերադարձնի:

Չախմախչյանը նաև հայտնեց, որ որպես ներդրումային ծրագիր ցանկանում է այդ ափում հյուրանոցային համալիր կառուցել, որի նախագծման աշխատանքներն արդեն իրականացրել է: 

Հայկ Սարգսյանի առնչությունը լողափին

Երբ զանգահարեցինք լողափի ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարով ու ներկայացանք որպես տարածքով հետաքրքրված անձ, ով ցանկանում է խոսել տնօրենի հետ, մեզ հետ կապ հաստատեց Արտյոմ Մելքումյան անունով անձը` ներկայանալով որպես տնօրեն և հաճախակի կրկնելով, որ «ամեն ինչ իր անունով է»: Մելքումյանը պատմեց, որ դիմել է «Սևան» ազգային պարկ` տարածքը բարեկարգելու համար, որն ի սկզբանե եղել է ճահճապատ, այժմ բիզնես է անում, հարկերը` վճարում:

Նշենք, որ օրենքի համաձայն, եթե վարձակալն իր հերթին մեկ այլ անձի կամ ընկերության տարածք է վարձակալության տալիս (ենթավարձակալություն), ապա պետք է կնքվի ենթավարձակալության պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրերը, ըստ էության, կարող են չարտացոլվել «Սևան» ազգային պարկի արխիվում, սակայն այն չի կարող չլինել կադաստրային գործում:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` տարածքի միակ վարձակալը Ռուբեն Չախմախչյանն է, որն ունի հողամասի կառուցապատման իրավունք, չկա ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք:

Եւ այսպես, մեր զրուցակիցը մեր հարցերին ի պատասխան, թե ումից է վարձակալել տարածքը, որքան գումար է վճարում և այլն, միայն ասում էր, որ տարածքի փաստացի օգտագործողն ինքն է, ամեն ինչ իր անվամբ է, դիմել է «Սևան» ազգային պարկ և ունի օգտագործման թույլտվություն: Մելքումյանը, սակայն, հրաժարվեց իր խոսքով` բարեկարգման համար թույլտվության պայմանագիրը մեզ տրամադրել, ասելով` դիմեք ազգային պարկ:

«Ես ոչ մեկից ոչ վարձակալել եմ, ոչ էլ վարձով տվել, դիմել եմ, ինձ թույլատրել են, մաքրել եմ էդ ափը, բարեկարգել եմ, խնդիրն ինչո՞ւմն է»,- ասաց նա` հավելելով, որ շատ զբաղված է և չի կարող պայմանագիր ուղարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել