ԱՄՆ-ի «Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագիր» հանդեսում լույս տեսած նոր ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը նվազեցնելուն ուղղված բոլոր ռազմավարությունների շարքում վիրուսի տարածումը կանխորոշող հիմնական փոփոխականը դեմքը ծածկող դիմակներն են։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։

Ամերիկյան մի շարք համալսարանների գիտնականներից կազմված խումբն ուսումնասիրել է վիրուսի մեղմմանն ուղղված մի շարք միջոցներ, որոնք ձեռնարկվել են բռնկման 3 գլխավոր օջախներում՝ Ուհանում, Իտալիայում և Նյու Յորքում՝ 2020թ.-ի հունվարի 23-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում։

Խումբը նաև ուսումնասիրել է նոր դեպքերի թիվը ներկայացնող կորերը և դրանց փոփոխությունը յուրաքանչյուր միջոցառում ձեռնարկելուց հետո։ Օրինակ՝ Նյու Յորքում տանը մնալու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջները շատ բան չեն փոխել. կորը սկսել է փոխվել միայն այն բանից հետո, երբ պարտադիր են դարձել դիմակները։ Գիտնականները դա համեմատում են ԱՄՆ-ի մնացած հատվածի հետ, որտեղ դիմակ կրելը չի պարտադրվել։

Ուհանում վիրուսին արձագանքը ոչ միայն արագ էր, այլև միաժամանակ պարտադիր դարձան մի շարք միջոցառումներ՝ սոցիալական հեռավորություն, կարանտինային միջոցառումներ և դիմակ։

«Համավարակին արձագանքը հիմնականում դանդաղ էր արևմտյան աշխարհում, իսկ միջամտող միջոցառումների պարտադրումը տեղի էր ունենում հաջորդաբար»,- նշում են գիտնականները։

Խումբը նաև ուսումնասիրել է վիրուսի տարածման ուղիները, տարածման արագությունը, նշված աշխարհագրական տարածքներում եղանակային պայմանները և եկել է այն եզրակացության, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցումը COVID-19-ի տարածման հիմնական եղանակն է։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ դիմակի օգտագործման շնորհիվ՝ վիրուսի կաթիլները հազալիս ոչ միայն չեն հասնում չվարակված մարդկանց, այլև չվարակված մարդիկ անմիջապես չեն շնչում այն կաթիլները, որ հիվանդներն արձակում են խոսելիս և որոնք կարող են մթնոլորտում մնալ տասնյակ րոպեներ և անցնել մի քանի մետր տարածություն։

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ Նյու Յորքում մեկ ամսվա ընթացքում դիմակ կրելու շնորհիվ հնարավոր է եղել կանխել շուրջ 66 հազար վարակի դեպք, Իտալիայում՝ 78 հազար։

«Այս մատչելի միջոցը, սոցիալական հեռավորության պահպանման և այլ գործողությունների համադրությամբ, ամենահավանական եղանակն է կորոնավիրուսի համավարակը կանգնեցնելու համար»,- եզրակացրել են ուսումնասիրության հեղինակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել