Արսեն Թորոսյանը երեկ ներողություն խնդրեց։ Մի կողմ թողնենք, թե քաղաքական գործիչը երբ է ներողություն խնդրում կամ ներողությունից հետո ինչ է անում։ Ցավոք սրտի, մենք քաղաքական գործիչներից կազմված կառավարություն չենք ունեցել և իրավունք չունենք նրանցից քաղաքական վարքագիծ ակնկալելու։

Ես ուզում եմ խոսել ներողամտություն հայցելու մասին։ Իմ ընկալմամբ, երբ ներողություն ես խնդրում, պետք է ձևակերպես սխալդ կամ սխալներդ։ Կամ առնվազն զրուցակցիդ համար պետք է ընկալելի լինի այն, և զրուցակիցդ որոշի՝ զղջում ես, թե ոչ։ Փորձեք մեկնաբանություններում բացատրել, թե Արսեն Թորոսյանն ինչ է հասկացել «կամա թե ակամա կատարված սխալ» ասելով։

Սա առանցքային նշանակություն ունի, որովհետև մեզ ի վերջո պետք է վստահություն ներշնչի, որ այն սխալները, որոնք կատարվել են և հանգեցրել են ծանր հետևանքների (միայն այսօր՝ 23 մահվան դեպք) գիտակցված են, և ամենը կարվի չկրկնելու համար։

Որպեսզի իմ գրառմամբ օդի դատարկ տատանումներ չանեմ, փորձեմ հարցեր ձևակերպել, և եթե Արսեն Թորոսյանը կամ ԱՆ-ն պաշտոնապես պարզաբանումներ կտան, ես կհասկանամ, որ սխալները գիտակցված են։

Եվ այսպես.

1. Հայաստանում քանի՞ լաբորատորիա կա, որ ի վիճակի է թեստ իրականացնելու, քանիսն են թեստեր անցկացնում, դրանց ընդհանուր օրական թողունակությունը որքա՞ն է, և ի՞նչ է անհրաժեշտ այն մեծացնելու համար։ Արդյո՞ք մինչ օրս թեստավորման ոլորտում ունեցել ենք սխալներ, բացթողումներ և այլն։

2. Այս պահին քանի բուժհիմնարկ (և որքան մահճակալ) է առանձնացված վարակված անձանց սպասարկելու համար։ Քանի՞ բուժհիմնարկ կա, որ կարող է ծառայել այդ նպատակին։ Այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն են թույլ, միջին, սուր արտահայտված դեպքերի կլինիկաները, ի՞նչ դեղամիջոցներ, սարքավորումներ ու ծառայություններ են դրանք ենթադրում և կարևորը՝ ի՞նչ արժողությամբ։

3. Որքա՞ն և ի՞նչ հիմնավորմամբ է ծախսում պետությունը դեպքերի բացահայտման, թեստավորման, վարակվածների մեկուսացման ու բուժման համար։ Ի՞նչ եղանակով են կատարվում ֆինանսական հատկացումները, ո՞վ է որոշում կայացնում, ո՞վ է մոնիթորինգի ենթարկում և ո՞վ է վերահսկում։

Եթե այս հարցերի պատասխանները հասկանալի ձևով մատուցվեն հանրությանը, և ես զգամ, որ կա անկեղծ երկխոսություն (իմա՝ սխալներն ընկալելու և շտկելու ցանկություն), այլ հարցեր ևս կհնչեցնեմ ու կօժանդակեմ պատկան մարմիններին պայքարն էլ ավելի արդյունավետ կազմակերպել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել