Hetq.am-ը գրում է.

Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում։ 

Արամ Բաբաջանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր։  

-Պարոն Բաբաջանյան ե՞րբ և ի՞նչ դրսևորումներ նկատեցինք և ի՞նչ արեցիք։

-Մայիսի 9-ին զգացի, որ թուլություն ունեմ։ Ջերմությունս չափեցի՝ 37.4 էր։ Մտածեցի երևի մրսել եմ, բայց գիշերը դողէրոցք ունեցա, իսկ առավոտյան ջերմությունս 38 էր։ Պոլիկլինիկայի բժշկի հետ խոսեցի, հանգստացրեց, որ իր կարծիքով վիրուս չկա մոտս։ Հաջորդ գիշերը նույն պատմությունն էր։ Նորից զանգահարեցի պոլիկլինիկա, կրկին տեղեկացրի առողջական վիճակիս մասին։ Տեսնելով, որ պոլիկլինիկայից համապատասխան արձագանք չկա, մայիսի 12-ին գնացի «Վարդանանց» բժշկական կենտրոն թեստ հանձնելու։ Ես և կինս յուրաքնաչյուրս 20 հազարական դրամ վճարեցինք արագ թեստի համար։ Ասեցին՝ ձեզ մոտ բացասական է, ոչ ունեցել եք վիրուս, ոչ հիմա ունեք։ Ջերմությամբ պայմանավորված վճարեցինք և սոնոգրաֆիա էլ կատարեցինք։ Ասեցին՝ նորմալ է։ Մենք էլ ուրախացանք, որ լուրջ խնդրից խուսափել ենք և եկանք տուն։

-Այդ ընթացքում ջերմությունը նորմայից բա՞րձր էր Ձեզ մոտ։

-Այո՛։ Եկանք տուն, տեսանք, որ ջերմությունը չի իջնում, որոշեցինք կրկին թեստ հանձնել՝ արդեն քթից և կոկորդից քսուք վերցնելու տարբերակով։ Նույն ԲԿ-ում վճարում կատարեցինք այս անգամ յուրաքանչյուրս 25 հազար դրամ և այդ անալիզն էլ հանձնեցինք։ Մեր բնակարանում ես և կինս ենք ապրում, դրա համար երկուս էլ հանձնեցինք։ Եկանք տուն և մայիսի 13-ին զանգով տեղեկացրին, որ երկուսիս մոտ էլ դրական է։ Ասացին, որ կտեղափոխեն հիվանդանոց։ Հաջորդ օրը մեզ տարան օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել էր և սպասարկում էր կորոնավիրուսով հիվանդներին։

-Ի՞նչ հետազոտություններ անցաք և ինչպե՞ս էր ընթանում բուժումը։

-Շտապօգնության մեքենան, որ եկավ մեր հետևից, նաև այլ հիվանդ մարդու վերցրինք, բոլորս իրար հետ տեղափոխվեցինք հիվանդանոց։ Բարձրացրին մեզ 5-րդ հարկ, դուռը կողպված էր, բացեցին մեզ ցույց տվեցին մեր սենյակը։ Այդ հարկ ոչ մեկ չէր կարող մտնել, միայն հիվանդներն էին։ Օրվա մեջ երկու անգամ այդտեղ մտնում էր հերթապահ բժիշկը և քույրը, որը սրսկումներն էր անում։ 24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվում ես 5-10 րոպե։ Ոչ մի հարցի պատասխան չես կարող իմանալ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր ես ստանում, ինչպիսին են հետազոտություններիդ պատասխանները։ Հերթապահ բժիշկները, որ ամեն երեկո և առավոտյան պալատ մտնելուց մասնագիտական հարցերի չէին պատասխանում, միայն ջերմության չափն էին ճշտում և արյան մեջ թթվածնի տոկոսն էին չափում ու նշում իրենց մոտ։ Բոլոր հարցերն առաջարկում էին ուղղել թոքաբանին, որին օրվա մեջ տեսնում էինք 2-3 րոպե։

Մեր թոքաբանը 40 հիվանդի էր սպասարկում։ Ֆիզիկապես չէր կարող հասցնել բոլորին պատշաճ ձևով սպասարկել։ 30 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը Աբովյանի տուբերկուլոզի դիսպանսերից էր գործուղվել, բացի դա, հերթապահում էր նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ 

Դրա փոխարեն պատուհանից երևում էին բժիշկներ, որոնք վարչական մասնաշենքի մոտ կուտակված էին գրեթե միշտ, որոնց հետ մենք այդպես էլ չառնչվեցինք։ Ամբողջ բաժնին սպասարկում էր մեկ բուժքույր, որը բաժանմունքի բոլոր հիվանդներին ներարկում էր կատարում, դեղեր էր տալիս և բոլորի կանչերին արձագանքում։ Բուժքույրերը երիտասարդ աղջիկներ էին, ուսանողներ և ինչպես հասկացա, այն ժամանակ չէին վարձատրվում։

Այդ ժամանակ մի գիշեր կինս, որը հիպերտոնիա հիվանդություն ունի, վատացավ, սակայն մինչև առավոտ ոչ մեկին չկարողացանք տեղեկացնել։ Առավոտյան բուժանձնակազմին տեղեկացրինք, որ սրտաբան է պետք, որին մինչև մեր դուրս գրվելը՝ շուրջ 5 օր, այդպես էլ չտեսանք։ 

-Բայց դուք գիտե՞իք, որ երկկողմանի թոքաբորբ ունեք։

-Ինձ երկրորդ օրն ասացին, երկու օր հետո կնոջս էլ ռենտգեն արեցին և ասացին, որ իր մոտ էլ երկկողմանի թոքաբորբ կա։ Թոքաբորբի բուժման մեխն այն է, որ պետք է իմանան, թե քո մոտ ինչ ինֆեկցիա է, որ ըստ դրա ընտրեն, թե որ հակաբորբոքայինով պետք է բուժեն։ Դա բուժման ամենագլխավոր բաղադրիչն է։ Երկու անգամ խորխի անալիզ եմ տվել, մինչև այսօր դրանց պատասխանները չունեմ։ Առաջին անգամ տվածս անալիզից անցել էր 5 օր, հարցնում եմ, թե ի՞նչ է դրա պատասխանը, ասացին, որ պատասխան չունենք, հետո լաբորատորիայից պարզեցին, որ հանձնածս խորխը փչացել է և թափել են և չեն էլ զգուշացրել, որ անհրաժեշտ է նորից հանձնել այդ անալիզը։ Բուժման ընթացքից մեկ շաբաթ հետո իմ համառ պնդումներից հետո միայն երկրորդ անգամ այդ անալիզը վերցրին, որի պատասխանը մինչ օրս չունեմ։ Իմ հետազոտությունների պատասխաններն եմ ուզում, չկան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել