Նախօրեին վարչապետի ընտանեկան թերթում` մեր օրերի «Պրավդա»- ի էջերում, հրապարակվել էր Սյունիքից «ընտրված» պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցազրույցը Կապանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Բնականաբար, նյութի առաջին իսկ պարբերության բովանդակությունն արդեն հուշում էր, որ գործ ունենք հանրությանը ապակողմնորոշելու քարոզչական սազանդարության հետ, բայց դրանից չենք զարմանում այլևս, ՀԺ-ից սովոր ենք նման բաների:

Բայց այ հարցազրույց տված պատգամավորի մտքի գոհարներից առիթ ունենք զարմանալու ու տարակուսելու, քանի որ ինչպես պատգամավորի շեֆն է պնդում, իրենք մեր աշխատողներն են, հետևաբար կոռեկտ չէ, որ մեր գրպանից աշխատավարձ ստացող պատգամավորը զբաղված է հանրությանն ապակողմնորոշելով:

Իսկ պատգամավորը դա է անում` նա մի քանի անգամ պնդում է, որ ինքը «քրեական գործի մանրամասներին չի տիրապետում, որովհետև նախաքննական գաղտնիք է», սակայն չի վարանում հետո հաստատակամ հայտարարել, որ տեղի է ունեցել հանցագործություն կամ, որ ամեն ինչ զուտ իրավական էր ու որևէ քաղաքական շարժառիթ ձերբակալությունների մեջ չկար: Որտեղի՞ց պատգամավորին նման վստահություն: Պարզ է չէ՞ «մենք պուպուշ ենք, իրանք քըխ են» բանաձևը մատի փաթաթան դարձրած խմբակցության պատգամավորը դժվար էլ այլ բան կարողանար ասեր:

Բայց քանի, որ ինքը շեֆի թերթում շեֆի դեմքն էր փրկում, հետևաբար պետք է նաև շարունակեր, և այն փաստին, որ Հայաստանի քաղաքացիները իրենց բողքն էին հայտնել առ ոստիկանության անօրինական գործողություններ, նա պետք է հակադարձեր, որ մարդիկ փորձում էին քաղաքական ենթատեքստ տալ, որ փորձում էին պրոցեսներ հրահրել, ապստամբության կոչ էին անում, որ զուտ այն մարդիկ չէին, որոնք եկել էին իրենց հարազատների համար բողոքելու, որ, որ, որ․․․մինչ արդեն նախկիններ ու այս շարքի այլ հայտնի հեքիաթներ, բայց ոչ մի խոսք ոստիկանության կողմից բռնությունների մասին:
Հպարտ պատգամավորը հաթաթա է տալիս, թե հակահեղափոխություն չի ստացվելու:

Հանգստացեք, Տիգրան, քանզի հակահեղափոխություն ստացվելու է, այն էլ հենց ձեր ձեռքով: Ձեր այս տեսակ հարցազրույցների, քաղաքական մանկամիտ խաղերի ու շատ այլ բաների արդյունքում ու պատճառով: Նաև այն պատճառով, որ դուք չեք հայ ժողովրդի տերն ու տիրակալը, որ մարդկանց վայրենի ձևով տանեք ոստիկանություն, ծեծեք, իսկ հետո կանգնեք ասեք, եթե հակաօրինական բան հրահրվեց, կազմակերպվեց կանխվելու է: Դուք որևէ բարոյական իրավունք չունեք մարդկանց նման բան ասելու, որովհետև իշխանության դեմ ապստամբելու կոչերի շնորհիվ է, որ այսօր երեսփոխանի պամուճանով ձեր շեֆի թերթում պալիտիկա եք խաղում:

Եվ վերջում ի պատասխան Ձեր հարցազրույցի վերջին պարբերության` ուզում եմ ասել. Սյունիքում շատ վաղուց բդեշխություն ու անպատժելիություն չկա, որովհետև եթե բդեշխություն լիներ, դժվար դուք կարողանայիք երկու տարի առաջ հարմարեցնել ու պատգամավոր դառնալ, իսկ այ անպատժելիություն լինել չլինելը դեռ պետք է ապացուցեք պատասխանատվության ենթարկելով քաղաքացիների նկատմամբ բռնություն գործած ոստիկանության աշխատակիցներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել