Կապված այն բանի հետ, որ ամբողջ աշխարհի բժիշկները համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե արդյոք բժշկական դիմակը փրկում է կորոնավիրուսային վարակից, Հոնկոնգի գիտնականները որոշել են զբաղվել այդ հարցով:

Արդյունքում, նրանք ստացել են էական ապացույցներ, որ դիմակներ կրելը զգալիորեն նվազեցնում է COVID-19- ի տարածումը, գրում է South China Morning Post-ը:

Աշխատանքը, որը հետազոտողները համարել են «իր տեսակի մեջ առաջինը», ցույց է տվել, որ դիմակների շնորհիվ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի տարածման արագությունը 75%-ով կրճատվում է:

«Մեր աշխատանքի եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսային համավարակի դեմ դիմակներ կրելու արդյունավետությունը հսկայական է»,- ամփոփում է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Հոնկոնգյան համալսարանի աշխատակից Յուեն Կվոկ Յունը:

Այս ուսումնասիրության ամենաանսովոր մասը փորձի մասնակիցների ընտրությունն է. դրանք գերմանամկներն են: Յուրաքանչյուր կորոնավիրուսով վարակված կրծողի վանդակի մոտ տեղադրվել են առողջ գերմանամկներով վանդակներ: Սենյակում տեղադրված օդափոխիչը ստեղծել է լրացուցիչ օդային հոսքեր, ինչը մեծացրել է վիրուսային մասնիկների տարածման հավանականությունը: Վանդակների միջև տեղադրվել են լրացուցիչ միջնապատեր բժշկական դիմակներից:

Ընդհանուր առմամբ, փորձերին մասնակցել է 52 կրծող: Փորձերը կատարվել են 3 փուլով: Դրանցից առաջինում պաշտպանիչ միջնապատերը տեղադրվել են հիվանդ գերմանամկների վանդակում, իսկ երկրորդում՝ առողջ կենդանիների վանդակներում: Փորձերի երրորդ փուլն իրականացվել է առանց վարակված և առողջ գերմանամկների միջև լրացուցիչ պաշտպանական միջնապատերի:

Առանց լրացուցիչ պաշտպանության փորձերի ընթացքում յոթ օրում վարակվել է առողջ գերմանամկների երկու երրորդը (15 -ից 10-ը): Միջնապատի առկայության դեպքում  առկայության դեպքում մեկ շաբաթում կենդանիների միայն մեկ երրորդն է վարակվել (12-ից 4-ը): Եվ երբ հիվանդ կրծողների վանդակներում է տեղադրվել լրացուցիչ միջնապատը, վարակվել է առողջ գերմանամկների միայն մեկ վեցերորդը (12 -ից 2-ը):

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ նրանք կարողացել են փորձով հաստատել գոյություն ունեցող ենթադրությունը, որ վարակված մարդը, դիմակ կրելով, իրականում վարակից պաշտպանում է այլ մարդկանց: Միևնույն ժամանակ, դիմակը վարակից չի պաշտպանում առողջ մարդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել