Լավրովը ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի սկզբունքները եւ դրանով բացահայտեց, որ Հայաստանի իշխանությունները այս երկու տարի է, ինչ խաբում են քաղաքացիներին։ Դրան հետեւեց Հայաստանի արտգործնախարարի «не рыба-не мясо» բացատրությունները։ Իսկ քայլող թիմի ինքնահռչակ «բարձր պրոֆեսիոնալների» հայտարարությունները, թե իրենք չեն մեկնաբանում այլ երկրի ԱԳ նախարարի ասածները, հաստատեցին պնդումները, որ այս պրոֆեսիոնալները իզուր են պարգեւավճարներ ստանում, քանի որ Լավրովը խոսում էր ոչ թե Գվինեա-Բիսաուի մասին, այլ այն մասին, որ Հայաստանի իշխանությունները խաբում են իրենց ընտրողներին։
Այնուամենայնիվ, պատասխանը Նիկոլ Փաշինյանից էին սպասում, եւ նա պատասխանեց իր թերթում խմբագրական տպելով։ Այս հրապարակումով նա փաստեց, որ չի պատասխանելու Լավրովին, եւ մտցնելու է նոր դիսկուրս՝ Ռուսաստանին հռչակել ընդդիմության աջակից, իր իշխանությանը միավորել Ռուսաստանի եւ ընդդիմության դեմ անհաշտ պայքարի դրոշի տակ, միաժամանակ փորձելով փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը։ Դրան օժանդակող ստատուսներով սկսեցին ձայնակցել Նիկոլի թիմակիցները։
Երկու սկզբունքային սխալ կա այս մոտեցման մեջ։ Առաջին, Հայաստանը վերջին 2 տարում երբեք որեւէ արտաքին քաղաքականություն չի վարել, եթե արտաքին քաղաքականություն չհամարենք միջազգային հարաբերությունների ալիքների վրա բախտի քմահաճույքով տարուբերվելը եւ ամերիկացի երաժիշտ Սերժ Թանկյանին Նիկոլ Փաշինյանի գրած բառերով երգ պատվիրելը։
Երկրորդ, Լավրովը հայտնել է ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումը, այլ միջազգային հանրության՝ Մինսկի խմբի համանախագահների՝ այսինքն առնվազն նաեւ Միացյալ Նահագների եւ Ֆրանսիայի։ Այնպես որ, այս դեպքում մերժելով Ռուսաստանին, Հայաստանը փախնելու տեղ չունի։ Իսկ Նիկոլը հնարքը՝ Ռուսաստանին հռչակել ընդդիմության շահերի ներկայացնող, նպատակ ունի հակառուսական դիսկուրսը ներմուծելով, մի քանի շաբաթով կամ ամսով իր իշխանությունը երկարաձգել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել