Factor.am-ը գրում է․

«Առաջին լրատվական»-ը հղում անելով սեփական տեղեկություններին, գրել է, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից, ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն․ «Այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին»,- գրել էր լրատվականը։

Factor.am-ը տեղեկությունը ճշտելու համար դիմեց Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ-ից հայտնեցին, որ իրենց մոտ նման գործ չի քննվում։ Դիմեցինք նաև ԱԱԾ, որտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Իսկ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին հետևյալը․ «Այս պահին կարող ենք ասել, որ Ս. Սարգսյանին ենթադրաբար առնչվող վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրվում»։

Սերժ սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ հայտնեց հետևյալը․ «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել