«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հիմք է նաև արտակարգ իրավիճակների առաջացումը, եթե դրանով սպառնալիք է առաջանում երկրի սահմանադրական կարգին: Կառավարությունն իր 16.03.2020թ. որոշմամբ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարել, որը կառավարության 13.04.2020թ. որոշմամբ երկարաձգել է 30 օրով։ Արտակարգ դրության ընթացքում կիրառված միջոցառումներն անխուսափելիորեն հանգեցնում են մարդու բազմաթիվ հիմնական իրավունքների սահմանափակման, ինչի իրավական հիմքը Սահմանադրության 76-րդ հոդվածն է: Ակնհայտ է նաև, որ այդ հիմնական իրավունքների սահմանափակումների, մասնավորապես՝ տնտեսական գործունեության սահմանափակումների արդյունքում ֆիզիկական անձինք կրելու են վնասներ։

Անկախ այդ սահմանափակումների համաչափ լինելուց՝ պետությունը պոզիտիվ պարտականություն է կրում օրենքով սահմանված դեպքերում հատուցելու պատճառված վնասը (Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մաս): Վնասի հատուցման նման պարտականություն սահմանում է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ուստի արտակարգ դրության ավարտից հետո դեռ պետք է հաշվարկվի, թե ֆիզիկական անձինք ինչ վնասներ են կրել, և թե որքան պետք է պետությունը փոխհատուցի։ Հետևաբար այս օրերին Կառավարության հիմնականում փիառ ակցիա հիշեցնող քայլերը որևէ կերպ չեն կարող փոխարինել պետության պոզիտիվ պարտականության կատարմանը, այն է՝ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց կրած վնասները փոխհատուցելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել