Ֆլորենցիայի ոստիկանությունը հեծանվորդի է կանգնեցրել, որը բացատրել է, որ խախտել է կարանտինը, որպեսզի տանն ընտանիքի հետ չմնա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իտալական La Repubblica պարբերականին:

Տղամարդուն կանգնեցրել են Ֆլորենցիայի ծայրամասերից մեկում: Ոստիկանությունը պահանջել է բացատրել, թե ինչու է նա մարզվում, փոխանակ հետևի սահմանափակումներին և փողոց դուրս գա միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Ի պատասխան, տղամարդն անկեղծացել է՝ ասելով, որ այլևս չէր կարողանում տանը նստել կնոջ և դուստրերի հետ: Նրա խոսքով՝ ինքը նախընտրել է տուգանք վճարել, քան տանը մնալ: Իրավապահներին ոչինչ չէր մնում, բացի իրավախախտին տուգանելուց, իսկ տուգանքից հետո տղամարդը, այնուամենայնիվ, հրաման է ստացել տուն վերադառնալ:

Իտալիայում կարանտինի մեկ ամսվա ընթացքում իրավապահները ստուգել են երկրի ավելի քան 6,7 միլիոն բնակչի: Ավելի քան 250 000-ը խախտել են կարանտինը: Նրանց տուգանել են 400-ից 3000 եվրոյի չափով:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 156 363 դեպք, մահացել է 19 899 մարդ, առողջացել` 34 211-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել