Աստղագետները Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում գտնվող զանգվածային սև խոռոչի գործունեության ակտիվացում են արձանագրել:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Science Alert պարբերականում հրապարակված հոդվածը, գիտնականները պարզել են, որ վառ ռենտգենային առկայծումների ինտենսիվությունը, որն արձակում է Աղեղնավոր A* ռադիոաղբյուրը, 2014-ի օգոստոսի 31-ից ի վեր մեծացել է երեք անգամ:

Նախապես հետազոտողներն աստղադիտակների օգնությամբ 107 առկայծում էին արձանագրել 1999-2015 թվականների ընթացքում: Միևնույն ժամանակ 2014 թվականից մեծացել է ամենավառ առկայծումների ինտենսիվությունը, իսկ ամենաթույլերինը՝ նվազել: 2016-2018 թվականների ընթացքում մասնագետները ևս 14 առկայծում են գրանցել:

Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրականում թույլ առկայծումների ինտենսիվությունը չի նվազել և ուսումնասիրության ողջ ընթացքում կայուն է մնացել: Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրության արդյունքում հաստատել են, որ 2019-ին ևս 4 վառ առկայծում է տեղի ունեցել, ինչը նույնպես խոսում է սև խոռոչի աննախադեպ ակտիվության մասին:

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է այդ երևույթի պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել