Operativ.am-ը գրում է.

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում, որի ընթացքում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը քննարկել է մարտ ամսվա սկզբին անցկացված լայնածավալ զորավարժությունների արդյունքները:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը` վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը հայտարարել է, որ այսուհետ Թուրքիայի Զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կներառվի մեր բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաեւ` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերումը: «Ինչպես տեսնում եք, խոսքը փետրվարի վերջին Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների մասին է Բաշար Ասադի ուժերի դեմ: Այդ օրերին թուրքական բանակն Իդլիբում 36 զինվորական կորցրեց Սիրիայի ավիացիայի կողմից հրթիռային հարվածների արդյունքում: Ի պատասխան ՝ թուրքական բանակը մինչ այս ռազմական պրակտիկայում չտեսնված պատասխան մարտավարություն կիրառեց Բաշար Ասադի զորքերի եւ նրան սատարող վարձկանների դեմ: Հրետանուն եւ հակազդական համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, ինչպես նաեւ կամիկաձե դրոններ օգտագործեց` դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին: Այս օպերացիան լայն ռեզոնանս առաջացրեց աշխարհում, եւ հեղինակավոր պարբերականներն ու ռազմական փորձագետներն արձանագրում են, որ Թուրքիան առաջին երկիրն է, որն ունակ է մարտական գործողություններ իրականացնել` գրոհային անօդաչուների եւ արհեստական ինտելեկտով կառավառվող կամիկաձե դրոնների կիրառմամբ»,- նշում է պարբերականը` զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղում նմանատիպ գործողությունների անցկացման հնարավորության հետ:

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանն Իսրայելից մի քանի տեսակի անօդաչու ինքնաթիռ է ձեռք բերել եւ կազմակերպել է դրանց համատեղ արտադրությունը: Սակայն այժմ իրական հնարավորություն ստեղծվել ընդլայնելու ադրբեջանական բանակի զինանոցը թուրքական արտադրության գորհային անօդաչուների եւ կամիկաձե դրոնների հաշվին, որոնց կիրառումն Իդլիբի համար մղվող մարտերում ապշեցրեց ամբողջ աշխարհին»,- հիշեցնում է աղբյուրը:

«Ամենայն հավանականությամբ, Թուրքիայից այս անօդաչուների եւ կամիկաձե դրոնների ձեռքբերման ուղղությամբ բանակցություններն արդեն տարվում են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բաքու կատարած վերջին այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ժամանակակից զենքի եւ ռազմական տեխնիկայի գնումները Թուրքիայից շարունակվելու են»,- հայտնում է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել