Մեր երկիրը ոչ մի կերպ ապահովագրված չէ այնպիսի վիրուսներից, ինչպիսին կորոնովիրուսն է, քանի որ մենք փոխկապակցված աշխարհի մի մասնիկն ենք, մեկուսացված մի կղզյակ չենք, որ մեր վիրուսներով տապակվենք ու Աշխարհից ոչինչ չվերցնենք։ Անգամ երկրի բարեկեցության մակարդակն էլ կանխարգելիչ դեր չի խաղում, քանի որ աշխարհի ամենազարգացած երկրներին էլ չհաջողվեց խուսափել համաճարակի ներթափանցումից։ Այդ պարագայում որքան վտանգավոր է խուճապը, նույնքան էլ՝ «օլիմպիական» հանգստությունը, թե ամեն ինչ նորմալ է, առանձնապես անհանգստանալու կարիք չկա, պայմանականորեն ասած՝ «թու, թու, թու»։

Չենք մոռացել, որ ոչ վաղ անցյալում էլ մի վարչապետ ունեինք, որ ասաց․ «Եթե չնավսեք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստան չի մտնի»։ Չեմ կարող ասել՝ նավսելն էր պատճառը, թե նույն այդ վարչապետի ճգնաժամային իրավիճակներում անպատրաստ լինելը, բայց այդ տարի Հայաստանի տնտեսության անկումը կազմեց 14․2 տոկոս, ինչը բացասական ցուցանիշով աշխարհում երկրորդն էր։

Պե՞տք է արդյոք իշխանություններն արտակարգ իրավիճակներում իրենց պահեն սառնասրտորեն, քանի որ խուճապը կարող է ավելի մեծ վնաս հասցնել երկրին, քան բուն համաճարակը, անշուշտ, այո՜, պետք է լինեն սառնասիրտ ու հանգստացնեն հասարակությանը։ Ասել է թե՝ պրոֆեսիոնալ կառավարությունն իրեն պետք է պահի օդանավի հրամանատարի պես, որ որքան էլ օրհասական լինի իրավիճակը, մի բան հաստատ գիտես, որ ով էլ լինես՝ նա քեզնից ավելի փորձառու է, ու ավելին գիտի, քան դու, ու եթե անգամ օդանավը գնում է կործանման, հասկանում ես, որ ավելին անել հնարավոր չէ, ավելի լավ է հրամանատարին չխանգարել, գուցե ամենավեջին պահին էլ կարողանա փրկել իրավիճակը։

Իսկ ինչո՞ւ մեզանում այդպես չստացվեց կորոնովիրուսի պարագայում։ Մի պարզ պատճառով, որ եթե անփորձ ու անհավասարակշիռ անձնավորությունն է ղեկին ու կոչ է անում՝ «հանգիստ նստենք տեղներս», ապա ավելի մեծ խուճապ է առաջանում, քանի որ հասկանում ես, որ ինքը չի հասկանում, թե ինչի մեջ ենք հայտնվել։ Ավելին, նա կարող է լինել անքան անպատասխանատու, որ ղեկը բաց կթողնի ու կսկսի «սելֆի» անել, թե հանգիստ եղեք, ամեն ինչ կարգին է։ Այսինքն, նրանք, ովքեր տագնապ են հնչեցնում, մեր երկրի ամենավախկոտները չեն, ու հաստատ իրենց համար չէ, որ անհանգստանում են, ընտանիք ունեն, երեխաներ, որոնք իրենց համար ավելի թանկ են, քան սեփական կյանքը։ Այո՜, վիրաբույժին չես հուշի, թե ինչպես վիրահատի, ու շատ շատերին ուղղակի հակացուցված է խորհուրդներ տալ գործի պահին, բայց մեր պարագայում ոչ միայն բոլոր կողմերից խորհուրդներ ու տագնապենր էին հնչում, այլ մեր ժողովուրդն ընկել է այն ուղևորի օրը, որ տեսնում է, որ վարորդը մեքենան այնքան վատ է վարում, որ ասում է՝ իջի ղեկից, ես ապահով տեղ հասցնեմ, հետո գլուխդ քարը, գնա ինչ ուզում ես արա։ Պետության ղեկին նստած լինի մի վարորդ, որ ամեն մեկը՝ տաքսու վարորդից մինչև գիտնական, իրեն իրավունք վերապահի էքստրեմալ պահին ասել՝ իջի, վիճակը փրկենք, նոր արի ղեկի մոտ քո «սելֆին» արա՞։ Բախտներս բերել է, որ կորոնովիուսով վարակվածության ընդամենը մեկ դեպք ունենք առայժ, բախտներս ավելի շատ է բերել, որ առջևում տաք եղանակներ են, ու վիրուսի դեմ կպայքարի բարենպաստ եղանակը, դրանով իսկ չեզոքացնելով մեր ապաշնորհ իշխանությունների թույլ տված սխալները, բայց ոչ բոլոր արհավիրքնեն են չէ՞, որից մեզ կփրկի տաք եղանակը, ինչպես ասում են՝ «Գժի աղունն Աստված է աղում», մեզ սպասում են բազում մարտահրավերներ ու սպառնալիքներ, որոնց դեմն առնելու համար մենակ «գիժ» լինելը բավարար չէ, քանի որ Աստված «գժի» փոխարեն մենակ աղուն է աղում, այն էլ ոչ միշտ ու ոչ բոլոր իրավիճակներում։ Այնպես որ կորոնովիրուսի այս դեպքը, եթե անկեղծ լինենք, մեզ ավելի շատ օգուտ տվեց, քան՝ վնաս, եթե անգամ զբոսաշրջիկների թիվը կրճատվեց, եթե անգամ հասարակությանը պատեց տագնապը։ Ինչո՞ւ է դրական, քանի որ սա սթափության կոչ է մեր երկրի ղեկի հետ գրկախառնված անլուրջ ու անսթափ վարորդներին, որ այլ դեպքերում այսքան հեշտ չենք պրծնի։

Առհասարակ, մարդու մասին կարելի է լիարժեք կարծիք կազմել, եթե տեսել ես նրան էքստրեմալ իրավիճակներում։ Մշտապես հանգիստ, խիզախ, ինքնավստահ մեկը կարող է արտակարգ իրավիճակում այնպիսի լացուկոծ դնել, որ ամաչես նրա փոխարեն։ Մեկ ուրիշը, որ վախկոտ ու երկչոտ էր երևում, արտակարգ իրավիճակում կարող է այնպիսի վեհ որակներ դրսևորել, որ ամաչես, որ նրա մասին ոչ դրական կարծիքի ես եղել։ Այս ամենն ամբողջությամբ վերաբերում է նաև կառավարություներին, քանի որ նրանց հաջողություններն ու ձախողումները պայմանավարված են մարդկային գործոնով։ Տեսնելով մեր իշխանություներին համաճարակի վտանգին անհամարժեք՝ իրարամերժ արձագանքներն ու քայլերը, մեզ վրա այնքան պետք է աշխատենք, այնքան պատրաստված լինենք, որ էքստրեմալ իրավիճակներում մեր անփորձ իշխանավորներին ասենք՝ հանգիստ եղեք, «դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք», մենք ամեն ինչ կանենք, միայն թե խուճապից հիմարություններ չանեք։ Դե, ինչ արած, ժողովրդի իշխանություն է, որ Փաշինյանն ասում էր՝ բոլորդ վարչապետ եք, երևի սա ի նկատի ուներ, որ ամեն մեկս մեր գլխի ճարը տեսնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել