Դե ինչ, շատ կուզենայի շնորհավորել բոլորիս օրվա տոնի կապակցությամբ, սակայն «շնորհավորում» եմ բոլորիս այն կապակցությամբ, որ Նոր Հայաստանում իշխանությունները ձգտում են ձևավորել մի նոր քաղաքական ենթամշակույթ, որում «իշխանություն» նշանակում է «հեղափոխական սակրալ լիգա», իսկ «ընդդիմությունը» և «ընդդիմախոսությունը» որակվում են «հիբրիդային հեղաշրջման փորձ»:

Ավիացիայում մի տերմին կա, որը կոչվում է штопор: Դա այն կրիտիկական թռիչքային իրավիճակն է, երբ ինքնաթիռը անկառավարելի սպիրալաձև արագ անկման մեջ է գտնվում և հատում է այն կետը, երբ որևէ գործողությամբ այլևս հնարավոր չէ խուսափել ինքնաթռի կործանումից: Վերջին մի քանի օրերը իրապես ծանր էին իշխանությունների համար: Սա իշխանությունների իմ կողմից սպասելի օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր: Այժմ նրանք մոտենում են քաղաքական штопор-ին:

Շուրջ երկու տարվա մի շարք հորդորները, վերապահումները շատ են եղել և ունեցել են բացառապես տագնապային հիմքեր: Գիտեմ՝ շատերը գնահատել են այդ նկատառումներս «ձայն բարբառոյ յանապատի», մյուսները թերևս համաձայնվել են, երրորդները պահել են իրենց իշխանության անգիտակից աջակիցների ամենացածր որակների դրսևորմամբ: Սակայն հորդորներիս հիմքում ոչ թե իշխանությունների անձնական քաղաքական հաջողության ցանկությունն է եղել, այլ իմ երկրի քիչ թե շատ չձախողվելու և անդառնալի սխալներից խուսափելու ցանկությունը:

Իշխանությունների սրընթաց штопор-ը ևս իմ երկրի, այսինքն՝ իմ շահերից չի բխում:
Փոխվե՛ք վերջապես, եթե արդեն ընկալում եք փոխվելու օրհասական անհրաժեշտությունը հենց Ձեզ համար: Հակառակ դեպքում ոչ միայն Ձեր կողքին ոչ ոք չի մնա, այլ այդ штопор-ից ձեր օպոնենտները Ձեզ չեն կարողանա փրկել նույնիսկ մեծ ցանկության դեպքում:

Իմ արժեհամակարգով և քաղաքական ընկալումներով ես պետականամետ եմ և համարում եմ, որ իրական ժողովրդավարական և մրցունակ պետություն, կայուն և արժեքահենք հասարակություն ունենալու գրավականը մանիպուլացված և ներքին մաղձերով առաջնորդվող ամբոխի և ամբոխավարների ավտոկրատիայի հաստատման անթույլատրելիությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել