Մի բան է լեգիտիմություն ունենալը, և մեկ այլ բան է այդ լեգիտիմության հանրային աջակցության խաբկանք ստեղծելը: Պատահական չէ, որ ներկայիս կառավարության բնութագրիչ որակումների մեջ ամենահաճախ հանդիպող երևույթը հենց «ֆեյքակրատիան» է: Առավել ևս, որ ժամանակի ընթացքում առավել բացահայտ են դառնում հենց այդ «թվացյալ աջակցության» ստեղծման կենտրոնների, այսպես կոչված, ՊՈԱԿ-ային բնույթը: Դա ենթադրում է, որ այս քաղաքականությունը, ինչպես խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից, այնպես էլ ունի շոշափելի պետական ֆինանսավորում:

Վերջին երկու տարվա «սև-սպիտակիզմի», ինչպես նաև խրախուսվող և թանկարժեք «ֆեյքակրատիայի» իրական համազգային և ժողովրդական աղետ հանդիսանալու վտանգն իշխանությունները շարունակաբար չեն տեսնում: Չնայած վստահ եմ, որ չեն էլ տեսնելու, բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում եմ հորդորել թիվ մեկ քաղաքական պատասխանատու՝ վարչապետին․ վերջ տվեք այս դեստրուկտիվ, այլասերող ֆեյքակրատիային: Դուք նախ և առաջ հաղթել եք, բայց երբեք էլ չեք հաղթելու վիրտուալ իրականությունում: Դեռ ավելին՝ արդեն իսկ նշմարելի են այդ պարտության կանխանշանները, որոնք խորտակում են քիչ թե շատ արժեքավոր ամենը: Սակայն Դուք դեռևս կարող եք և պետք է վերջ տաք ազդեցության և լոբբիստական թմրադեղի այս համակարգվող գործունեությանը: Այն մեծագույն վնասը, որը այս «ֆեյքակրատիան» է հասցնում մեր սոցիումին, տեսակին, ընկալումներին և քաղաքական մշակույթին, այլևս կարող է անվերականգնելի լինել: Ասում եմ շատ ուղիղ, բոլորը խոսում են և տեսնում են Ձեզ անբնական աջակցող և անմարդկային անտոգոնիզմ սերմանող «ֆեյքերին» և դրանք կառավարող «ֆեյքֆաբրիկաները»։ Սրան պետք է վերջ տալ, որքան էլ դա Ձեզ համար անցանկալի լինի քաղաքական շահի և ժամանակակից քաղտեխնոլոգիաների ազդեցության առումով կամ էլ չբխի Ձեր շահերից: Այս անհանդուրժողականության, չարության, մաղձի և հոգեբանական բռնության լաբորատորիաներին պետք է վերջ տալ: Անմարդկային երկուստեք ատելությունը և պրոպագանդան այլևս դարձել են անտանելի և չափազանց վտանգավոր: Շատ կարճ ժամանակ անց այս բաց թողնված ջինն այլևս անկառավարելի է դառնալու, և մաղձի էֆեկտը ուղղվելու է հենց Ձեր դեմ և դառնա պայքարի անընդունելի ձեռագիր և ոճ: Այս ամենի վերջը պետք է տաք հենց Դուք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել