Hetq.am-ը գրում է․
2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ։ Սա Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի ժողովրդագրական ժողովածուի վերջին տվյալն է։
Կոմիտեն հրապարակել է հանրապետության բնակչության թվաքանակը 1990 թվականից սկսած։ Տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1992-ից սկսած՝ բնակչության թիվը սկսել է նվազել։ Սակայն, բնակչությանամենացածր թվաքանակը հաշվառվել է 2019 թվականին։
Եթե 1992-ին, ԱՎԿ-ի տվյալներով, Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, ապա 2019-ին այս թիվը նվազել է 668 000-ով։
Համեմատելով 2018-2019 թվականների պաշտոնական վիճակագրությունը՝ նկատում ենք, որ բնակչության թիվը նվազել է հանրապետության բոլոր մարզերում, բացի Կոտայքից։
Ամենախիտ բնակեցվածը Երևանն է․ մայրաքաղաքում բնակվում է 1 մլն 81 հազար մարդ։ Բնակչության թվով երկրորդ մարզն Արմավիրն է։ Այստեղ հաշվառված է 263 հազար մարդ։
2019 թվականի դրությամբ՝ հանրապետությունում բնակվող կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամադրկանց թիվը։ Նախորդ տարի Հայաստանում հաշվառված է եղել 1 մլն 401 հազար տղամարդ (47.3 %) և 1 մլն 563 հազար կին (52.7 %)։ Տղամարդկանց եւ կանանց թիվը 2018-ի համեմատ 2019 թվականին նվազել է՝ համապատասխանաբար 6400-ով և 1000-ով։ Այսպիսով, 2019-ին տղամարդկանց թիվը եղել է 1 մլն 393 հազար 600, իսկ կանանց թիվը` 1 մլն 562 հազար:
Ինչու է նվազել Հայաստանի բնակչությունը․ մեկնաբանում է մասնագետը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը «Հետքի» հետ զրույցում բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորեց արտագաղթով, ոչ բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակով և երկրում նախկինում հաստատված քաղաքական այն համակարգով, որը, ըստ նրա, չէր նպաստում ո՛չ տնտեսական զարգացմանը, ո՛չ մարդկանց առաջխաղացմանը։
«Մարդիկ իրենց հույսը կտրել էին Հայաստանի ապագայի նկատմամբ։ Իրենք իրենց չէին տեսնում այստեղ»,-ասաց նա։
Ժողովրդագրագետը, անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանում բնակչության թվաքանակի նվազմանը, նշեց, որ դա պայմանավորված է վերջին 27 տարիներին ձևավորված արտագաղթի ցուցանիշներով։
«Որովհետև մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից ունեցել ենք մոտավորապես 1 մլն 100 հազարից ավելի արտագաղթած մարդ, և այդ տանող գործոնները կան։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գնացել են, իրենց քույր-եղբայրներին իրենց հետ տանում են»,–ասում է Արտակ Մարկոսյանը։
Արտակ Մարկոսյանը իրատեսական է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մինչև 2050թ. Հայաստանի բնակչությունը դառնալու է 5 մլն։
«Այնպես չէ, որ 27 տարի հետո միանգամից պետք է վերականգնվի բնակչության թիվը։ Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև այնքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այնքան մեծ է եղել արտագաղթը, որ միանգամից հուսալ, թե այն պետք է կանգ առներ և սկսեին հետ գալ, չէր կարող լինել։ Ժամանակ է պետք՝ 4-5 տարի, որպեսզի մարդկանց հասկանալի լինի՝ ինչ գործընթացներ են լինում, ինչ ուղղությամբ ենք գնում, որ դրսի մարդը հասկանա՝ վերադառնալու պարագայում այստեղ ինչ պետք է անի»,-նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետը։