Վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևը ինքն էր պնդում, թե իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում:

Վերահաստատում եմ դիրքորոշումս. այո՛, Ալիևն ինքն էր հայտարարել իր վրա ճնշում լինելու մասին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը: Ավելին՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ մեկ այլ առիթով հրապարակավ նշել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ վերադարձնելուց:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում Փաշինյանի օրոք:

Նույն հոդվածում միգուցե հենց Փաշինյանի կողմից փորձ է արվում հակադարձել ինձ, թե Արցախը Հայաստան է և վերջ, ՀՀ վարչապետի արտահայտությունը սխալ չէ:
Նման պնդումն ուղղակի զարմանալի ու տարօրինակ է:
Այդ հայտարարությունից Հայաստանը և Արցախը որևէ դրական արդյունք չստացան: Մեր դիրքերը բանակցություններում թուլացան, որը ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խիստ քննադատությամբ:
Թող Փաշինյանն ասի՝ որն է դրա դրականը:

Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են:
Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի:
Ու մի փորձեք ձեր անգրագետ գնահատականները փաթաթել հանրության պարանոցին:

Հ.Գ. Իսկ երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումն ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը, ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը:
Մինչ 2020-ի մեկնարկը լավ կլիներ այդ հարցերի պատասխանները ստանալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունից:

Հ.Հ.Գ. Տարին ավարտվում է, բայց օտարերկրյա գործակալներից լուր չկա:
Լավ չի, պարոն վարչապետ, հեչ լավ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել