1lurer.am-ը գրում է․

Բրիտանական BBC-ն այսօր կրկին անդրադարձել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայկական բանաձևին՝ հայտնելով, որ հակասելով ԱՄՆ Սենատի միաձայն քվեարկությանը, Թրամփի վարչակազմը հայտարարել է, թե 1915-ին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չի համարում:

Հոդվածում այնուհետև հիշատակվում է, որ անցած շաբաթ տեղի ունեցած պատմական քվեարկությունը զայրացրել է Թուրքիային, որը միշտ հերքում է կոտորածների Ցեղասպանություն լինելը, և այն, որ ուրբաթ Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրեց ԱՄՆ դեսպանին՝  արտահայտելու իր զայրույթը քվեարկության կապակցությամբ՝ ԱՄՆ-ին մեղադրելով «պատմությունը քաղաքականացնելու» մեջ:

Հայաստանը հայտարարում է, որ 1,5 միլիոն մարդ սպանվել է՝ կոնկրետ էթնիկ խմբին ոչնչացնելու ջանքերի արդյունքում: Սպանությունները տեղի են ունեցել ժամանակակից Թուրքիայի նախահայրը հանդիսացող Օսմանյան կայսրության վերջին ժամանակահատվածում՝ փոխանցում է BBC-ն, հայտնելով հաջորդ նորությունը:

«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել»,- երեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:

«Մեր տեսակետներն արտացոլված են այս հարցի վերաբերյալ անցած ապրիլին՝ նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- ասել է Օրտագուսը:

Դոնալդ Թրամփն անցյալ ապրիլին նշել էր, որ ԱՄՆ-ը հարգանքի տուրք է մատուցում «20-րդ դարի ամենավատ զանգվածային վայրագություններից մեկի զոհերին», բայց նա չի օգտագործել Ցեղասպանություն բառը: Փոխարենը՝ նա հայերին և թուրքերին հորդորել էր՝ «ճանաչել և հաշվի առնել իրենց ցավալի պատմությունը»:

BBC-ն հիշեցնում է, որ անցած շաբաթ տեղի ունեցած քվեարկություններից հետո, որոնք հայերի համար խորհրդանշական հաղթանակ էին, Թուրքիայի ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց փակել Ինջիրլիքի ավիաբազան, որտեղ ԱՄՆ միջուկային մարտագլխիկներն են տեղակայված: Էրդողանը նաև ասել է, որ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, որ կախված են այդ երկրի գլխին՝ Սիրիայում ռազմական վերջին գործողությունների պատճառով, կարող է փակել նաև Կուրեչիքի ռադիոլոկացիոն բազան: Իսկ ահա Սենատի կողմից ընդունված Բանաձևը Էրդողանը համարեց «անարժեք» և թուրք ժողովրդին հասցված «ամենամեծ վիրավորանք»:

BBC-ն հիշատակում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բարձր է գնահատել Սենատի բանաձևը՝ այն որակելով «համարձակ քայլ՝ պատմական արդարության և ճշմարտության ճանապարհին»:

Չի մոռացվում նաև Սենատի միջոցով բանաձևն ընդունելու նախորդ ջանքերի արգելափակումը, որն իրողություն էր դարձել Թրամփի հաստատուն դաշնակցի՝ սենատոր Լինդսի Գրահամի միջոցով:

Դարձյալ անդրադառնալով կոտորածներին՝ BBC-ն նշում է, որ ընդհանուր համաձայնություն կա այն հարցում, որ 1915-16թթ. հարյուր հազարավոր հայեր զոհվեցին այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը զանգվածաբար արտաքսեցին նրանց արևելյան Անատոլիայից մինչև սիրիական անապատ և այլուր: Նրանք սպանվեցին կամ մահացան սովից ու հիվանդություններից:

Միևնույն ժամանակ, ըստ BBC-ի, մահացածների ընդհանուր թիվը վիճելի է: «Հայերն ասում են, որ զոհվել է 1,5 միլիոն մարդ, իսկ Թուրքիայի հանրապետության ընդհանուր հաշվարկով՝ 300,000 հոգի: Ըստ IAGS-ի տվյալների՝ զոհերի թիվն իսկապես կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ»,- հայտնում է BBC-ն, հավելելով, որ դրանից բացի՝ առկա է վեճ նաև սպանությունների կանխամտածվածության առումով:

Ըստ գործակալության՝ շատ պատմաբաններ, կառավարություններ, վերջապես՝ հայ ժողովուրդը, հավատում են կանխամտածվածության վարկածին, բայց որոշ գիտնականներ էլ կասկածի տակ են առնում այն: Ինչ վերաբերում է թուրք պաշտոնյաներին՝ «նրանք ընդունում են, որ տեղի են ունեցել վայրագություններ, բայց նաև պնդում են, որ քրիստոնյա հայ ժողովրդին ոչնչացնելու համակարգված փորձ չի՛ եղել: Թուրքիան ասում է, որ շատ անմեղ մահմեդականներ էլ են զոհվել պատերազմի թոհուբոհի մեջ»:

Գալով կրկին ներկային՝ BBC-ն հիշեցնում է, որ որ չնայած բազմաթիվ կոնգրեսականների զայրույթին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջին՝ անցած ամիս նախագահ Թրամփը Վաշինգթոնում ջերմորեն ողջունեց Թուրքիայի նախագահ Էրդողանին, անգամ հայտարարեց, որ ինքը նրա «մեծ երկրպագուն է» և անտեսեց Թուրքիայի նախագահի դեմ հնչող առատ քննադատությունը՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ:

BBC-ն իր նյութն ամփոփում է Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի հիշատակմամբ, որը նախագահի թեկնածուի կարգավիճակում խոստացավ ճանաչել հայերի կոտորածները՝ որպես Ցեղասպանություն, բայց ընտրվելուց հետո այդ բառն այդպես էլ չօգտագործեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել