Համացանցում ժամեր է, ինչ բուռն կերպով քննարկվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ լրագրողական փակ քննարկման մասին Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը: Ուշադրության կենտրոնում, բնականաբար, գրառման Արցախյան բաժինն է: Այդուհանդերձ, այդտեղ գոյություն ունի նաև հետաքրքիր մի արձանագրում, որը կարծես թե հանրության ուշադրությունից վրիպել է:

Պարզվում է, որ քննարկման ժամանակ լրագրողները տեղեկացել են Հայաստանի «արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխության» մասին: Խոսքն, իհարկե, ոչ թե արտաքին քաղաքականության «ուղղվածության», այլ «տրամաբանության» փոփոխության մասին է: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը կարող է փոխվել ցանկացած իշխանության միջոցով, օրինակ՝ ԵՄ-ից փոխվելով ԵԱՏՄ-ի, ՆԱՏՕ-ից փոխվելով ՀԱՊԿ-ի կամ ընդհակառակը, սակայն տրամաբանությունը՝ ոչ:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ու հիմնական տրամաբանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով, որտեղ հստակեցված է. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»:
Արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Ո՞ւմ կամ ի՞նչ կառույցի որոշմամբ, ե՞րբ և ի՞նչ ընթացակարգով է փոփոխություն կատարվել արտաքին քաղաքականության մեջ:

Ի դեպ, հոկտեմբերի սկզբին ավարտվեց Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի պաշտոնավարության շրջանը: Անցած հուլիսին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդունեց Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ինչը նշանակում է, որ նոր դեսպանի անունը պարզ է եղել դեռ անցած ամռանը: Արդեն ավարտին է մոտենում դեկտեմբերը, սակայն ոչ միայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ պաշտոնապես չի ընդունել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագիրը, այլև Հայաստանում Իրանի նոր դեսպանի նշանակման մասին որևէ լրատվություն չի կատարվել հայկական ԶԼՄ-ներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել